Կոմիտաս 5 հասցեում կրկին լարված իրավիճակ է. շինարարությունն այս պահին դադարեցված է (թարմացված)

11:30 • 22.08.13

Նախախորհրդարանի տարածած հայտարարության համաձայն՝ Կոմիտաս 5 հասցեում, որտեղ Կոմիտասի 5ա, 7 և 9 շենքերի բնակիչների և շինարարների միջև քաշքշուկներ էին ընթանում, կրկին լարված իրավիճակ է:
 

Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանը, ով ահազանգի հետքերով գնում էր դեպքի վայր, Tert.am-ին ասաց, որ այս պահին տվյալների չի տիրապետում:

«Երեկ ոստիկանությունում իմ հեռախոսները անջատել-միացրել են և բոլոր կոդերը խախտել են: Այնպես որ, ոչ մեկի հետ չեմ կարողանում կապվել, ստիպված անձամբ եմ գնում»,-հավելեց Տիգրան Խզմալյանը:


Հիշեցնենք, որ երեկ վերջինս վարչական պատասխանատվության ենթարկվելով ՝ երեք ժամ պահվել էր ոստիկանության բաժանմունքում, ապա ազատ արձակվել:

Հիշեցնենք նաև, որ բողոքի ակցիայի մասնակիցներից Անուշավան Պետրոսյանն, ով դեռ առավոտից նստել էր «Լիբեր» ՍՊԸ-ին պատկանող էքսկավատորի մեջ՝ խանգարելով վարորդին փորման աշխատանքներ կատարել, բարձրացել էր բարձր լարման ենթակայանի մոտ գտնվող պարսպի վրա և սպառնացել կտրել երակները: Երիտասարդն, ի վերջո, իրագործել էր մտադրությունը:


11։54

Հենց նոր Տիգրան Խզմալյանը տեղեկացրեց, որ դեպքի վայրում են Արաբկիրի թաղապետ Հրայր Անտոնյանը, Աջափնյակի ոստիկանապետի տեղակալը, կարմիր բերետավորներ և մոտ 40-50 բնակիչ, որոնց մի մասը մտել է շինհրապարակ՝ թույլ չտալու համար շինարարությունը: Այս պահին այն դադարեցված է:


Հիշեցնենք, որ Հրայր Անտոնյանը խոստացել էր բերել փաստաթղթեր, որոնք կապացուցեին, որ շինարարությունն անօրինական չէ:

«Ոչ մի փաստաթուղթ չի բերում, միայն դեմագոգիա է անում, որ բարեկարգում է լինելու և ցույց է տալիս չորսմետրանոց փոսը, որը չորս անգամ խորանալու է, ինչը, սակայն, թույլ չենք տալու »,- ասաց Տիգրան Խզմալյանը։