Կոմիտասցիների պահանջն իրավական է և արդար. Դավիթ Սանասարյան
«Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանի համոզմամբ Կոմիտաս փողոցի 5ա, 7 և 9 շենքերի բնակիչների պահանջը իրավական է և արդար: Նա երեկ մասնակցել է Կոմիտասի 5ա շենքի բնակիչների բողոքի ակցիային և անգամ հասցրել ընդհարվել ոստիկանների հետ: Դավիթ Սանասարյանը Tert.am-ին փոխանցեց, որ այսօր էլ գնում է մասնակցելու ուսանողների բողոքի ակցիային, քանի որ սեպտեմբերից ուսանող է դառնում և այդ խնդիրները՝ կապված վարձավճարների բարձրացման հետ, իրեն էլ են վերաբերվում:
Ինչ վերաբերում է կոմիտասցիների բողոքին, Դավիթ Սանասարյանն ասաց, որ արդեն երեք տարի է գիտի խնդրի մասին: «Այն ժամանակ, երբ Լարիսա Ալավերդյանի օգնականն էի խորհրդարանում, այդ հարցը սկզբից մենք ենք բարձրացրել և որոշակի հաջողություններ ունեցել ենք Կոմիտասի բնակիչների հարցում: Միշտ եղել ենք բնակիչների կողքին և այսօր երեկոյան էլ, կոնկրետ ես պատրաստվում եմ գնալ և աջակցել նրանց»,- ասաց նա։
Դավիթ Սանասարյանը Tert.am-ին փոխանցեց նաև, որ «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը Կոմիտաս փողոցի 5ա, 7 և 9 շենքերի բնակիչների խնդրի կապակցությամբ նամակ է գրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին:










