Լարի Քինգը տեղափոխվել է Russia Today՝ «աշխարհին տիրանալու համար»

11:18 • 22.08.13

Գերմանական Bild պարբերականը մի հոդված է հրապարակել թոք շոուի 79-ամյա վարպետ Լարի Քինգի՝ ռուսական Russia Today հեռուստաալիք տեղափոխվելու մասին (RT-ի գլխավոր խմբագիրն է Մարգարիտա Սիմոնյանը), գրում է Комсомольская Правда-ն։

 

«Larry King Live շոուի 25-ամյա փուլից հետո CNN-ի լեգենդը որոշել է թոշակի անցնել և վայելել հանգիստը։ Սակայն հրաժեշտից 3 տարի անց նա կրկին ստուդիա է եկել, ընդ որում՝ Russia Today հեռուստաալիքի ստուդիա, որը ֆինանսավորում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հունիսից այս ալիքով հեռարձակվում է «Զրույցներ քաղաքականության մասին Լարի Քինգի հետ» հաղորդումը»,- գրում է պարբերականը։

 

Այդ լուրը զարմանք և քննադատություն է առաջացրել Մոսկվայում արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների շրջանում։ Ռուսական հեռուստաընկերությունը հայտնի է ԱՄՆ-ի նկատմամբ իր քննադատական դիրքորոշմամբ և նյութերի պուտինամետ փոխանցմամբ։ Քինգը վստահեցնում է, որ ռուսական ալիքի համար պատասխանատու մարդիկ չեն ազդում հաղորդման բովանդակության վրա։

 

«Ես փորձում եմ գրավել աշխարհը»,- կատակել է Լարի Քինգը Variety ամսագրում՝ ի պատասխան այն լուրի, որ այժմ իր հաղորդումը հասանելի է վճարովի ալիքի ավելի քան 600 մլն բաժանորդների աշխարհի ավելի քան 100 երկրներում։ Ամերիկայի խոշոր քաղաքներում ալիքն արդեն հավաքում է ավելի շատ լսարան, քան մեկ այլ արտասահմանյան ալիք։