Սեյրան Օհանյանն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի, պարգևատրել մի շարք սպաների և զինվորների (լուսանկարներ)
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը oգոստոսի 20-21-ին
հերթական շրջայցն է կատարել հյուսիսարևելյան սահմանագոտի, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Նախարարին ուղեկցել են Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը:
Սեյրան Օհանյանը այցելել է բանակային զորամիավորման մի շարք զորամասեր, ծանոթացել է զորամասերում իրականացվող շինարարական աշխատանքներին, եղել է զորանոցներում:
Առանձնակի ուշադրության են արժանացել ստորաբաժանումներում գործող օժանդակ կառույցների շինությունների պահպանման և վերանորոգման աշխատանքները:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է նաև զորամասերում գործող զինվորական ճաշարանների շենքային և սանիտարահիգիենիկ պայմաններին, նախաճաշել է զինվորների հետ:
Իր և պաշտպանության նախարարության ղեկավարության անունից ողջունելով զինծառայողներին Սեյրան Օհանյանը նշել է. «Երբ ես այցելում եմ առաջնային գիծ, ինձ համար տարբերություն չկա, ես աջակցում, խրախուսում եմ և առաջնագծում կանգնած զինվորին և առաջնագծի խաղաղ բնակչությանը, որոնք, ըստ էության, մեր երկրի զինվորներն են և ամեն պահի կանգնած են զինվորի կողքին, իսկ զինվորը կանգնած է նրանց կողքին»:
Նախարարը նշել է, որ վերջին տարիներին իր այցելած զորամիավորումում նվազել են դժբախտ պատահարները, կանոնակարգվել են միջանձնային հարաբերությունները: Սեյրան Օհանյանը պատասխանել է նաև զինծառայողների հարցերին:
Նախարարը մարտական հենակետերում ստուգել է պաշտպանական և ինժեներական կառույցների հուսալիությունը, ծանոթացել է զինծառայողների մարտական պատրաստությանը, բարոյահոգեբանական վիճակին, հետաքրքրվել զինվորների առօրյայով, կենցաղային պայմաններով: Սեյրան Օհանյանը մի շարք սպաների և զինվորների պարգևատրել է թանկարժեք նվերներով:
Շրջայցի ավարտին աշխատանքներն էլ ավելի արդյունավետ իրականացնելու համար պաշտպանության նախարարը հանձնարարականներ է տվել զորամիավորման ղեկավարությանը:










