Ավարայր է, և Ավարայրում բոլորս մարտիկ ենք. ազատամարտիկները կրկին Ազատության հրապարակում են (տեսանյութեր)

21:14 • 22.08.13

Արցախյան ազատամարտիկների հերթական հանրահավաքն այսօր անցկացվեց Երևանի Ազատության հրապարակում, հերթական անգամ հնչեցին միասնության կոչեր, համախմբման ուղիներ, հաղթանակի պատրաստակամություն, իշխանություններին տապալելու, երկիրը վերականգնելու մասին հայտարարություններ, իսկ իրենց պայքարը համեմատվեց նույնիսկ Ավարայրի ճակատամարտի հետ։

 

Հանրահավաքին ներկա Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը հանդես եկավ ելույթով` ազատամարտիկների ոտքի կանգնելը համարելով նոր Ավարայրի սկիզբ:

 

«Պետք է սթափեցնենք բոլորին, մենք հիմա այստեղ կանգնած ենք, շատերը չեն զգում այս պահի լրջությունը, շատերը մեր ազատամարտիկներին հայտարարել են մոբիլիզացիա, այդ մոբիլիզացիան ոչ թե իրենց համար է, այլ ես արդեն կասկած չունեմ, նրանք շրջում են հանրապետությունով մեկ և ազատամարտը ոտքի է կանգնելու, ի՞նչ է նշանակում` վեր ենք ընկած տներում, երբ որ հայրենիք ենք կորցնում»,- հայտարարեց նա:

 

Խոսելով իշխանության ներկայացուցիչների մասին` Աշոտ Մանուչարյանն ասաց, որ այսօր բոլորն էլ լավ հասկանում են, թե ինչ է կատարվում: «Հասկանում ենք, կա, խոզ կա, որը լափում է, տարել է տունը առյուծ է կապել, թե տեսեք ես ինչ հզոր մարդ եմ, առյուծների տեր եմ, ես էլ առյուծ եմ։ Լսի՛ր, կողքինիդ փիսիկ ես դարձրել արդեն, ոչ մի առյուծ այդքան չի լափում, ինչքան դու ես լափում, բայց դու էլ փիսիկ ես, մի հատ փըշտ անեն, կփախնես»,- ասաց նա և կրկին շեշտեց. «Ավարայր է, և Ավարայրում բոլորս մարտիկ ենք»:

 

Հանրահավաքին ներկա էր նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը. «Այն միասնության կոչը, որ հնչեցնում են ազատամարտիկները, բոլոր կուսակցականները պետք է այստեղ լինեն, որովհետև այն, ինչի համար կանգնել են մեր ազատամարտիկները, դա վերկուսակցական խնդիր է»:

 


«Կուսակցությունների միտինգին չեք գալիս, ասում եք` կուսակցություններն են անում, ազատամարտիկներն են անում, էլի չեք գալիս, կարծում եք ուղղորդում են, լավ, եկեք դուք ուղղորդեք: Այսօր մենք բոլորս միասնական լինելու խնդիր ունենք: Ամեն մեկի սայլն իր կողմը տանելու քաղաքականությունը լավ բանի չի բերի: Մենք անկախության հռչակագիր չենք ունեցել, որ հետագայում դպրոցներում սովորողներ չունենանք»,- ավելացրեց Արմեն Մարտիրոսյանը:



Հանրահավաքի ընթացքում պահեստազորի փոխգնդապետ Խաչատուր Ավետիսյանը, ամփոփելով ազատամարտիկների մարզային այցելությունները, ասաց. «Մենք կոչ ենք արել մեր առաջին հանրահավաքին, նորից կոչ ենք անում, մեր դռները բաց են բոլորի առաջ, եկե՛ք, միացե՛ք մեզ»:

 

Ազատության հրապարակի հարթակից այսօր էլ նա խոսքն ուղղեց պաշտոնյաներին և բոլոր մտահոգ հայերին. «Պարոնայք քաղաքական գործիչնե՛ր, եկե՛ք մեզ մոտ, եկե՛ք ժողովրդի կողքին կանգնենք, մենք վճռական գնալու ենք առաջ, գնալու ենք առաջ և հաղթելու ենք»:

 

«Արաբո» ջոկատից Ռուբեն Հովհաննիսյանն էլ ասաց, որ իրենց այսօրվա կռիվը տեսակի կռիվ է. «Մեր կռիվը տեսակի կռիվ է, տեսակ է վերանում»:

 

Նա նույնպես խոսք ուղղեց ՀՀ իշխանավորներին. «Ասում եք, թե ազգի սերուցքն է մեծանում, լավագույն սերունդն է գալիս, եթե ձեր պահած լավագույն սերնդին էսպես էք վերաբերում, ի՞նչ է դա նշանակում»: