Ուսանողները բողոքի ցույց են անում. ԿԳ նախարարը խոստացավ հանդիպել (տեսանյութեր, լուսանկարներ)

11:31 • 22.08.13

Կառավարության շենքի դիմաց այսօր մի խումբ ուսանողներ բողոքի ցույց անցկացրին՝ պահանջելով չեղյալ համարել մի շարք բուհերում ուսման վարձավճարների բարձրացման որոշումը: Մինչ նրանք իրենց բողոքն էին արտահայտում, կառավարություն եկավ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և խոստացավ ուսանողներին նախարարությունում հանդիպել իրենց հետ և քննարկել պահանջը:

«Չնայած դուք մի անգամ եկել եք ու չեք ցանկացել ինձ հետ հանդիպել, ես կրկին պատրաստ եմ ձեզ հետ հանդիպել»,- ասաց նախարարը:

«Մենք էշ չենք», «Պահանջում ենք չեղյալ համարել անմիտ ու ու անօրինական որոշումը», «Վերջ իշխանական դալտոնիզմին» պաստառներով ուսանողներն իրենց բողոքն արտահայտեցին: «Բուհերը մի՛ կառավարեք սրճարաններ և օբեկտներ կառավարելու մեխանիզմով»,- հայտարարեցին ուսանողները:

Ուսանողներին միացավ նաև ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը և հայտնեց, որ ազատամարտիկներն ուսանողների հետ են, եթե նրանք պայքարեն միասնական և համախմբված: «Սա անարդար որոշում է, մենք բոլոր ազատամարտիկներով միանում ենք, եթե ուղղորդված չէ իրենց բողոքը: Ցանկացած պետություն հզոր է իր գիտատեխնիկական պոտենցիալով, ինչն այսօր միտումնավոր կերպով կոխկրտվում է ոմանց կճղակների տակ»,- ասաց ազատամարտիկը: