Եթե այլ միջոցներ չկան, մնում է ֆիզիկական պայքարը. Լ.Ալավերդյանն ու Տ. Խզմալյանը Կոմիտասի 5 հասցեի մասին
Երբ մարդիկ տեսնում են, որ որևէ նորմ չի գործում, մարդիկ գնում են ներպետական ազատագրական կամ ֆիզիկական պայքարի: Նման գնահատականներ հնչեցրին այսօր Նախախորհրդարանի անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը և «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը՝ խոսելով Կոմիտաս 5 հասցեում ընդդեմ «Լիբեր» ընկերության շինարարության դեմ քաղաքացիական պայքարի մասին:
«Ներպետական ազատագրական պայքար» կամ ինքնապաշտպանություն տերմինն օգտագործեց Տիգրան Խզմալյանը, իսկ Լարիսա Ալավերդյանը՝ ֆիզիկական դիմադրություն:
Հիշեցնենք, որ մոտ 15 օր է՝ Կոմիտաս 5 հասցեում «Լիբեր» ընկերության կողմից Կոմիտասի 5ա, 7 և 9 շենքերի միջև փորձ է արվում էլիտար շինարարություն իրականացնել, ինչին ընդդիմանում են բնակիչները: Երեկ իրավիճակն արդեն թեժացել էր, բնակիչների և շինարարների միջև քաշքշոցներ արձանագրվեցին, բողոքի ակցիայի մասնակիցներից Անուշավան Պետրոսյանն, ով նստել էր «Լիբեր» ՍՊԸ-ին պատկանող էքսկավատորի մեջ՝ խանգարելով վարորդին փորման աշխատանքներ կատարել, բարձրացավ բարձր լարման ենթակայանի մոտ գտնվող պարսպի վրա և սկզբում սպառնաց կտրել երակները, ինչն էլ ի վերջո, իրագործեց:
Լարիսա Ալավերդյանը Կոմիտասի նշված հասցե ֆիզիկապես գնալ-կանգնելու կոչ արեց մտավորականությանը՝ ավելացնելով. «Եթե տրամաբանությունն այդպիսին է, ապա մտավորականությունը պետք է ոչ թե կեղծ ռևերանսներով ու գրագետ շարադրանքով հանդես գա, այլ գնա-կանգնի բողոքող ժողովրդի մոտ: Նույն Հանրապետական կուսակցության ավագանու կազմում բազմաթիվ նվիրյալ մտավորականներ կան, ո՞ւր են նրանք»,- ասաց Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով, որ որպես իրավապաշտպան ու իրավաբան՝ այլ ձև չգիտի, քան այնտեղ, որտեղ կա ցավ, հոգս, գոնե ֆիզիկապես կանգնել է պետք:
Նա երեկ Կոմիտաս 5-ի բնակիչներին խորհուրդ է տվել, որ անպայման գնան Երևանի քաղաքապետարանի մոտ, հանդիպեն նոր գլխավոր ճարտարապետին:
Տիգրան Խզմալյանն էլ հավելեց, որ երեխաներին ու թոռներին թողած՝ իր խոսքով, «քյալլա է» տալիս ոստիկանների ու մնացածի հետ, որովհետև տեսնում է, որ պետությունն իր գործառույթները չի կատարում, և մի խումբ անպաշտպան տատիկների դեմ այսօր կանգնած են ոստիկաններ ու կարմիր բերետավորներ:
«Մեր քաղաքացիներին ստիպված ենք պաշտպանել պետություն կոչվածից: Զորքը բերում են՝ պաշտպանելու մասնավորի շահերը: Մենք ինքնապաշտպանվում ենք, դա հասարակության ինքնապաշտպանության գործընթաց է»,- հայտարարեց ռեժիսորը՝ ավելացնելով, որ Կոմիտաս 5-ում, բացառությամբ մի պապիկի, պայքարում է բնակչության իգական հատվածը, իսկ տղամարդիկ լավագույն դեպքում երեկոյան հարցնում են՝ «հը՞, ի՞նչ արեցիք»:
Կոմիտաս 5 հասցեում ստեղծված իրավիճակը նա շատ խորհրդանշական է համարում և համեմատում է Անդրեյ Պլատոնովի «Котлован»՝ «Փոս» վեպի հետ, որը խորհրդային տարիներին ստեղծված այլակարծության լավագույն դասական գեղարվեստական օրինակներից մեկն է:
Տիգրան Խզմալյանը հայտարարեց նաև, որ բացառությամբ մի քանի տականքների, մյուս ոստիկանները, որոնց, նրա խոսքով, ռեժիմն օգտագործում է, ունեն քաղաքացիական դիրքորոշում և իրենց շատ կոռեկտ են պահում:
«Ոստիկաններն իրենց զգում են որպես ռեժիմի շներ, որոնց «լայն ուսերն» այլևս պատրաստ չեն իրենց վրա այդ բեռը կրել»,- հայտարարեց Տիգրան Խզմալյանը, ում պատկերավոր նախաբանով՝ Հայաստանում միշտ այնպես է եղել, որ անօրինական որոշումները դրվել են ոստիկանական «լայն ուսերի» վրա:
Երեկ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ զրույց ունեցած Լարիսա Ալավերդյանն էլ ոստիկանապետի հետ ունեցած հեռախոսազրույցում է բացատրել, թե ինչու են պետությունները կոչվում ոստիկանական. երբ անօրինական որոշումները, մասնավորի շահերը հանրության իրավունքների ոտնահարմամբ պաշտպանվում են ոստիկանական ուժերի կողմից:
«Ամեն անգամ բերում և պատասխանատու են դարձնում ոստիկանությանը»,- Վլադիմիր Գասպարյանին ասել է Լարիսա Ալավերդյանը:
Նա այն կարծիքին է, որ շինարարությունը պետք է ժամանակավորապես կասեցնել, մինչև ստացվի ՄԻՊ-ի պատասխանը, որի ակնկալիքով էլ բնակիչները դիմումներ են գրել:
Ի դեպ, դատավորն էլ, որի անունը տիկին Ալավերդյանը չէր հիշում, պետք է 24 ժամում պատասխաներ, սակայն 20 օր է՝ պատասխան չկա:
Լարիսա Ալավերդյանը ամենայն մանրամասնությամբ տեղյակ էր նաև հարցի իրավական կողմին: Դեռ 2010թ.-ին բնակիչներից նամակ է ստացել այն մասին, որ բարձր լարման էլեկտրակայանը, երեք հինգհարկանի շենքերին է մոտեցվել՝ հասնելով մինչև 7 մետրի (այն դեպքում, երբ բնակիչները դրա դեմ պայքարել են դեռ խորհրդային տարիներին՝ 12 մետր հեռավորության պարագայում), իսկ ազատված տարածքում պետք է կառուցվի շենք:
Այդ ժամանակ պարզվել է, որ քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ըստ Լարիսա Ալավերդյանի, « վերին աստիճանի թերի փաթեթով» շինարարության թույլտվություն է տվել՝ առանց կողմերի նախնական համաձայնության և հասարակական լսումների:
Սրանից հետո սկսվել են դատական գործընթացներ, և դատարանը նշված նախագծի վերաբերյալ եզրակացրել է, որ այն չի համապատասխանում օրենքի պահանջներին:
Ի պատասխան հարցի, թե ի՞նչ ակնկալիքներ կան՝ պայքարն ի՞նչ ավարտ կունենա, Տիգրան Խզմալյանն ասաց, թե հաշվի առնելով, որ դիմադրության համար մեկ օջախին մեկ շաբաթից միանալու են նոր օջախներ, ապա «երկրի գլխավոր գեղագետը, երևի, կգա և կասի, որ «սիրուն չի»»:










