Եթե այսպես շարունակվի, Ադրբեջանը ստիպված կլինի օգտագործել բանակի հնարավորությունները. Սաֆար Աբիևը դարձյալ սպառնացել է
Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն ընդունել է Բաքվում գտնվող Ճապոնիայի պաշտպանության փոխնախարարի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Աբիևը հյուրերին է ներկայացրել հայ-ադրբեջանական հակամարտության և տարածաշրջանում առկա բարդ ռազմաքաղաքական իրավիճակը։
Նա հայտարարել է, որ «Հայաստանը շարունակում է ագրեսիան» նաև այժմ։ «Չնայած հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում լուծելու փորձերին՝ ագրեսիան շարունակվում է, և, ցավոք, կոնկրետ արդյունքներ չկան»,-ասել է նա։
Նախարարի խոսքով՝ մտահոգիչ փաստ է, որ «Հայաստանը չի իրականացնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած 4 բանաձևերը»։
Սաֆար Աբիևը հյուրերի մոտ հայտարարել է, որ եթե նման իրավիճակը շարունակվի, իրենք «ստիպված կլինեն օգտագործել ադրբեջանական բանակի հնարավորությունները»։










