Առաջարկվել է տավարաբուծության ծրագիր, որով նախատեսվում է վերականգնել կովերի արհեստական բեղմնավորման գործընթացը
Գյուղատնտեսության նախարարության նոր ծրագիրը, որ իրականացվելու է 2013-ից 2020թթ-ի ընթացքում, նպաստելու է երկրում տավարաբուծության զարգացմանը: Ծրագրի արժեքը մոտ 500 մլն դրամ է: Գումարն օգտագործվելու է լաբորատորիաների ձևավորման, տոհմային ցուլերի, երինջների ձեռք բերման և սաղմերի փոխպատվաստման նպատակով:
ՀՀ կառավարությունը դեռ չի հաստատել Գյուղատնտեսության նախարարության ներկայացրած խոշոր եղջերավոր կենդանիների արհեստական սերմնավորման միջոցառումների 7-ամյա ծրագիրը, որով նախատեսվում է վերականգնել կովերի արհեստական սերմնավորման գործընթացը, կազմակերպել սերմնահեղուկի տեղական արտադրությունը, ներդնել սաղմերի փոխպատվաստման տեխնոլոգիան, ինչը հնարավորություն կընձեռի մեր երկրում կազմակերպել բարձրարժեք երինջների աճեցումը և դրանցով համալրել տավարի նախիրները:
Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Հովհաննիսյանը Tert.am-ին փոխանցեց, որ ծրագիրը քննարկման փուլում է: «Կարծում եմ առաջիկա 2 ամսվա ընթացքում կառավարությունը կհաստատի այդ ծրագիրը, և մենք ձեռնամուխ կլինենք իրականացման փուլերին»,- ասաց Աշոտ Հովհաննիսյանը:
Ծրագիրն ունի երկու գլխավոր բաղադրիչ՝ սերմնահեղուկի տեղական արտադրության կազմակերպում, որն իրականացվելու է Արարատի մարզում տեղակայված Մխչյանի տոհմակայանում և երկրորդ բաղադրիչը, որ վերաբերում է սաղմերի փոխպատվաստմանը՝ նախնական տարբերակով կիրականացվի Հայաստանի Ագրարային համալսարանի Բալահովտի ուսումնափորձնական բազայում: Այդ նպատակով ձեռք կբերվեն 100 տոհմային երինջներ, որոնց 40-45 %-ը կհանդիսանան դոնորներ: Փոխպատվաստման ծրագրի շնորհիվ հնարավոր կլինի մեկ տարվա ընթացքում մեկի փոխարեն մինչև 7 հատ ձագ ստանալ:
«Լայնածավալ տոհմասելեկցիոն աշխատանքներ սկսելու համար ամենաարդյունավետ եղանակը գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորումն է: Քանզի դա հնարավորություն է տալիս տոհմասելեկցիոն աշխատանքներում ընդգրկել մի քանի անգամ շատ գլխաքանակ: Իսկ բնական զուգավորման դեպքում այդ սելեկցիոն հնարավորությունները բավականին սահմանափակ են»,- նշեց Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը:
Խորհրդային տարիներին հանրապետությունում տարեկան արհեստական սերմնավորում էին 280-ից մինչև 300 հազար կով: Հայաստանում անկախացումից հետո տարեկան իրականացվում է 5-6 հազար գլուխ կովերի արհեստական սերմնավորում, որը բավական ցածր ցուցանիշ է:
Ներկայումս հանրապետությունում բուծվում է 300 հազար կով: Լավագույն արդյունք ապահովելու համար, ըստ Աշոտ Հովհաննիսյանի, արհեստական սերմնավորման համար տարեկան գոնե պիտի ընդգրկել առկա գլխաքանակի 1/3-ը կամ 100 հազար կով, ինչը հնարավորություն կտա օգտագործվող երինջացուներ ստանալ արհեստական սերմնավորման ճանապարհով:
Գյուղատնտեսության նախարարությունը 2007թ-ից իրականացնում է տավարաբուծության զարգացման ծրագիր, որի շրջանակներում եվրոպական երկրներից ներկրվել են համաշխարհային ճանաչում ունեցող դասական կաթնատու և կաթնամսատու ցեղեր, տոհմային երինջներ, որոնք հանձնվել են ֆերմերներին և օգտագործվել վերարտադրության նպատակով: Դա կաթնատու ուղղության հոլշտեյն ցեղն է, կաթնամսատու ուղղության սիմենտալ և շվից ցեղերը:
«Շվիցը աշխարհում լավագույն լեռնային տավարն է, որ աչքի է ընկնում կաթնային, մսային շատ լավ հատկանիշներով և պետք է նշել, որ մեր կովկասյան տավարը հազարամյակներ առաջ ծագել է նույն նախնիներից ինչ շվից ցեղը,- բացատրեց Աշոտ Հովհաննիսյանը,- նշված երեք ցեղատեսակների սերմն էլ հենց պատրաստվում ենք օգտագործել արհեստական բեղմնավորման նպատակով»:










