Երևան-Դիլիջան ճանապարհին վթարի ենթարկված ավտոբուսում ուսուցիչների խումբ է եղել. մահվան դեպքեր չկան (տարբերակ 2)
Օգոստոսի 23-ին` ժամը 09։21-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհի 86-րդ կմ-ում տեղի ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ կայքից
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
10:54
Tert.am-ի տվյալներով ավտոբուսի ուղևորները Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ուսուցիչներն են։ Մեր ունեցած տվյալները հաստատեց Փարաքարի համայնքապետ Սամվել Վարդանյանը: Վերջինս ուղևորվում էր Դիլիջան և ասաց, որ շատ բան չգիտի կատարվածի մասին: Տեղյակ է միայն, որ առավոտյան վաղ ուսուցիչների մի խումբ միջոցառման մասնակցելու նպատակով ավտոբուսով մեկնել է Դիլիջան: Այս ընթացքում համայնքապետը հասցրել է խոսել միայն Փարաքար գյուղի դպրոցի տնօրենի հետ, ով այս պահին հիվանդանոցում է և հաստատել է կատարվածը:
11։41
Tert.am-ին Տավուշի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը հայտնեց, որ Դիլիջանում համատեղ աշխատում են Իջևանի ու Դիլիջանի բժշկական կենտրոններից եկած բժշկական բրիգադները: Եկել է նաև մեկ ռեանիմոբիլ:
Կարինե Դովլաթբեկյանը հաստատեց, որ մահվան դեպքեր չկան։ 18 անձիք, որոնք ստացել են մարմնական վնասվածքներ, գտնվում են վիրաբուժական բաժանմունքում և առաջին բուժօգնություն են ստացել, և միայն 4 առավել ծանր վնասվածքներ ստացած տուժածների դեպքում որոշվել է, որ նրանք կտեղափոխվեն Երևան՝ «երրորդային մակարդակի կլինիկաներ»:










