Աուրելյա Գրիգորիուն պարգևատրվել է «Հեյդար Ալիև» մեդալով

16:25 • 23.08.13

Մոլդովայի խորհրդարանում մարդու իրավունքների պաշտպան, փաստաբան Աուրելյա Գրիգորիուն պարգևատրվել է «Հեյդար Ալիև» ոսկե մեդալով՝ «մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արժանիքների և Ադրբեջանի իրողություններն ամբողջ աշխարհում առաջ տանելու համար», տեղեկացնում է 1news.az-ը։

 

Հիմնադրամը «Հեյդար Ալիև» ոսկե մեդալով պարգևատրում է 2007թ.-ից։ Մրցանակը շնորհվում է այն «կարկառուն ներկայացուցիչներին, որոնց արժանիքներն ամրապնդում են թյուրքալեզու և այլ ազգերի բարեկամությունը, ներդրում են ունեցել թյուրքալեզու պետությունների տնտեսության, սոցիալ-քաղաքական, ինչպես նաև մշակութային զարգացման գործում»։

 

Մինչ այժմ այդ պարգևին արժանացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ղրղզ գրող Չինգիզ Այթմաթովը, Ղրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

 

Հիշեցնենք, որ Մոլդովայի խորհրդարանում մարդու իրավունքների պաշտպանը սկանդալային ելույթ էր ունեցել Հայաստանի խորհրդարանում, ինչը բացասական արձագանք էր ստացել նաև իր հայրենիքում։