Դ. Հարությունյանն ու Ն. Զոհրաբյանը մանկապիղծների համար առավել խիստ պատիժներ են առաջարկում. գաղափարը Դալլաքյանինն է
Ազգային ժողովի պետաիրավական, ինչպես նաև եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Դավիթ Հարությունյանն ու Նաիրա Զոհրաբյանը հանդես են եկել «Քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու» մասին օրենքի նախագծով, որը պետք է ունենա կանխարգելիչ նշանակություն՝ ինչպես անձի սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները կանխարգելելու, այնպես էլ այդ հանցագործությունների համար նախատեսված պատժատեսակները խստացնելու առումով:
Ինչպես Tert.am-ին հայտնեց Դավիթ Հարությունյանը՝ գաղափարը վերցված է ԱԺ 4-րդ գումարման պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի՝ այդպես էլ օրենքի տեսք չստացած նախագծից (մանկապիղծների համար պատիժների խստացման առումով), սակայն, նրանց խոսքով՝ կան էական նոր փոփոխություններ:
«Սա զուտ խստացում չէ, նախագծում կան բազմաթիվ հստակեցումներ: Խոսքը վերաբերում է ոչ թե զուտ տերմիններին, այլ համաձայնություններին, որոշակի տարիքից ներքև՝ համաձայնության բացառմանը: Փորձում ենք հաշվի առնել առկա իրողությունները և այլն»,-ասաց Դավիթ Հարությունյանը:
Tert.am-ի հետ զրույցում օրենքի համահեղինակ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենց կարծիքով՝ «ներկա պատժաչափերն անբարո հանցագործությունների հանդեպ իրավաչափ ու համաչափ չեն և անհրաժեշտություն ու կարիք կար դրանք խստացնել, հանդես ենք եկել այդ նախաձեռնությամբ»: «Ես ինքս կողմ էի ավելի ռադիկալ միջոցների, բայց կոմպրոմիսի արդյունքում հանգեցինք այս տարբերակին»,– ասաց նա:
Հիշեցնենք, որ օրենսդրական այդ նախաձեռնությամբ Վիկտոր Դալլաքյանն առաջարկում էր քիմիական ամորձատման ենթարկել մանկապիղծներին:
Ի պատասխան հարցի, թե «ռադիկալ» ասելով նկատի ունի Վիկտոր Դալլաքյանի կողմից առաջարկված քիմիական ամորձատո՞ւմը, Նաիրա Զոհրաբյանն ասաց.«Այո՛»:
Իսկ Դավիթ Հարությունյանն այս կապակցությամբ ավելացրեց.«Այս պահին նախագիծն այդ հարցին պատասխան չի տալիս, քանի որ այն պահանջում է լրացուցիչ որոշակի ուսումնասիրություն: Ինձ համար»:
Դավիթ Հարությունյանի համար հարցականների տեղիք են տալիս ինչպես այդ մեթոդի արդյունավետությունը, այնպես էլ կիրարկման ձևերը:
«Չգիտեմ՝ որքանո՞վ եք տեղյակ՝ քիմիական կաստրացիան ժամանակավոր միջոց է, ինքը հավերժ չէ, իսկ դա նշանակում է, որ անձը անընդհատ պետք է բուժումներ (ներարկումներ ստանա), դա արվում է կամովին, և այլն: Այս բոլոր հարցերը պետք է հստակ պատկերացնել»,- մանրամասնեց Դավիթ Հարությունյանը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այս հարցը բավականին ակտիվորեն քննարկվում է, քանի որ անդամ երկրներ կան, որոնցում կաստրացիան իրականացվում է հարկադիր, երկրներ կան՝ կամովի հիմունքներով: Եվ ԵԽԽՎ ընդհանուր տոնայնությունն այն է, որ օրենսդրորեն ամրագրվի, որ քիմիական ամորձատումը կամովի միջոց է:
Ինչ վերաբերում է ամբողջ նախագծին, ապա դրանով նախատեսվում է էապես վերափոխել ՀՀ քրեական օրենսգրքի 18–րդ գլուխը, որով նախատեսված են սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները:
Առավել լուրջ փոփոխություններ են առաջարկվում անչափահասների նկատմամբ կատարվող նման բնույթի հանցագործությունների պատիժները խստացնելու ուղղությամբ:
Մասնավորապես, գործող ՔՕ-ի 138-րդ՝«Բռնաբարություն» և 139-րդ՝ «Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները» հոդվածներում որպես ծանրացնող հանգամանք նախատեսված չէ արարքն ակնհայտ հղի կնոջ նկատմամբ կատարելը, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկայի գործադրմամբ կամ դա գործադրելու սպառնալիքով կատարելը, նշված հոդվածների առաջին մասով նախատեսված արարքն ուղղիչ հիմնարկում, կալանավորվածներին կամ ձերբակալվածներին պահելու վայրերում, զորամասում, կարգապահական գումարտակում, բուժհաստատությունում գտնվող անձի նկատմամբ համապատասխան հաստատության աշխատակցի կողմից իր պաշտոնեական կամ ծառայողական դիրքի օգտագործմամբ կատարելը: Մինչդեռ հիմա այս մասին դրույթներ են մտցվում:
Մեկ այլ փոփոխություն. օրենսգրքի 138-րդ և 139-րդ հոդվածներով որպես ծանրացնող հանգամանք նախատեսված չէ նաև համապատասխան արարքի կատարելը, եթե դա զուգորդվել է անձին առևանգելով կամ ազատությունից ապօրինի զրկելով, և սա նույնպես լրացվում է:
Նման փոփոխությունները բազմաթիվ են, իսկ ծանրացնող հանգամանք սահմանելու անհրաժեշտությունը պայմանավորվել է հանրային վտանգավորության առավել բարձր աստիճանով: Օրինակ՝ հղի կնոջ նկատմամբ բռնաբարությունը դիտարկվում է որպես նաև ոտնձգություն նրա պտղի նկատմամբ:
Օրենքի լրամշակված տարբերակը նստաշրջանի օրակարգ է ներառվել այս տարվա մայիսի 10-ին:










