Լավրովն ու Քերին կոչ են արել օբյեկտիվ քննություն իրականացնել Սիրիայում քիմիական զենքի կիրառման դեպքի վերաբերյալ

14:37 • 23.08.13

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կոչ են արել օբյեկտիվ քննություն իրականացնել Դամասկոսի արվարձաններից մեկում քիմիական զենքի կիրառման դեպքի վերաբերյալ, տեղեկացնում է Взгляд-ը։

 

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ օգոստոսի 22-ին կայացել է Լավրովի հեռախոսազրույցը Քերիի հետ։ Քննարկման հիմնական թեման եղել է իրավիճակը Սիրիայում։

 

«Կողմերը հույս են հայտնել, որ ՄԱԿ-ի փորձագետների խումբը, որն այժմ գտնվում է երկրում, օբյեկտիվ ուսումնասիրություն կիրականացնի Դամասկոսի արվարձանում քիմիական զենքի կիրառման հնարավոր դեպքի վերաբերյալ»,-ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։


Սիրիացի ակտիվիստները հայտարարել են, որ ՄԱԿ-ի մասնագետներին ուղարկել են ենթադրաբար քիմիական հարձակման զոհ դարձածներից կենսաբանական փորձանմուշներ։

 

«ՄԱԿ-ի թիմը խոսել է մեզ հետ, ինչից հետո մենք պատրաստել ենք մազերի, մաշկի, արյան փորձանմուշներ և դրանք ուղարկել ենք Դամասկոս՝ վստահելի սուրհանդակների հետ»,-հայտարարել է Աբու Նիդալը, ով գտնվում է ընդդիմության վերահսկողության տակ գտնվող Արբին քաղաքում։

 

Այլ ակտիվիստներ, որոնք բնակվում են այն շրջաններում, որտեղ, իրենց համոզմամբ, թունավոր գազ է կիրառվել, ևս փորձանմուշներ են պատրաստել, սակայն դեռ չեն գտել դրանք Դամասկոս հասցնելու ճանապարհը, որպեսզի ուղարկեն մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում գտնվող փորձագետներին։

 

ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի՝ Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին կոչ է արել արագացնել աշխատանքները՝ Սիրիայում հակամարտության խաղաղ կարգավորման համար։