Դերենիկ Դումանյանն ընդունել է Լիտվայի դեսպանին

15:58 • 23.08.13

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:


Նախարարը նշել է, որ տեղյակ է Լիտվայի առողջապահական համակարգում հաջողությամբ իրականացվող բարեփոխումների մասին և ափսոսանք հայտնել, որ այս ոլորտում երկու երկրների նախարարությունների միջև առայժմ ակտիվ փոխհամագործակցություն չի իրականացվում։


«Մենք բարձր ենք գնահատում Եվրամիության անդամ Լիտվայի արձանագրած հաջողություններն ու փորձը առողջապահության զարգացման ոլորտում և վստահ ենք, որ շատ հարցերում ձեր հանրապետության փորձը հետաքրքիր և օգտակար կարող է լինել Հայաստանի համար»,- ասել է Դերենիկ Դումանյանը:


Նախարարը նշել է, որ ցանկալի է ծանոթանալ հատկապես Լիտվայի Հանրապետությունում Ազգային առողջապահական խորհրդի գործունեությանը, առողջապահության կառավարման իրավական ոլորտին, պարտադիր բժշկական ապահովագրության համակարգին, առողջության առաջնային պահպանման և հատկապես ընտանեկան բժշկության մոդելին։ Դերենիկ Դումանյանն ընդգծել է, որ Հայաստանի գյուղական բնակավայրերում ընտանեկան բժշկության ներդրումը տալիս է սպասված արդյունքները, մինչդեռ քաղաքներում դեռևս անելիքներ կան։ Կարևորվել է նաև դեղորայքի մատակարարման Լիտվիայում ներդրված քաղաքականության, ինչպես նաև առողջապահական տեղեկատվական համակարգի (e-health) ներդրման փորձին ծանոթանալը: Դերենիկ Դումանյանը հույս է հայտնել, որ այս հանդիպումով կդրվի երկու երկրների առողջապահության նախարարությունների համագործակցության ընդլայնման հիմքը։


Դեսպան Էրիկաս Պետրիկասը ևս կարևորել է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում, այդ թվում` առողջապահության բնագավառում համագործակցության խորացումը և վստահեցրել, որ իր կողմից կանի հնարավորը` դրան նպաստելու համար:


Նա ընդգծել է, որ Եվրամիությունում Լիտվայի նախագահության ընթացքում մեծ նշանակություն է տրվելու Արևելյան գործընկերության շրջանակում համագործակցությանը։


Նշենք, որ ինչպես Լիտվայի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը նույնպես, 2013 թվականը հայտարարել է առողջության խթանման տարի: