Մենինգի՝ կին դառնալու ցանկությունը փակուղու առաջ է կանգնեցրել բանտի ղեկավարությանը
Միացյալ Նահանգների զինվորականները մտադիր չեն օգնել Wikileaks կայքին տեղեկություններ հայտնելու համար 35 տարվա ազատազրկման դատապարտված Բրեդլի Մենինգին սեռափոխության հարցում, գրում է Взгляд-ը՝ հղում անելով NBC հեռուստաընկերությանը:
«ԱՄՆ-ի բանակը չի իրականացնում հորմոնալ թերապիա և վիրահատություններ սեռափոխության համար»,- ասել են զինվորականները:
Ամերիկյան զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Ջորջ Րայթն ընդգծել է, որ Ֆորթ-Լիվենուորթում գտնվող բանտի բոլոր կալանավորները «զինվոր են համարվում» և նրանց՝ սեռը փոխելու համար բժշկական ծառայությունների տրամադրում նախատեսված չէ:
Ուղղիչ հաստատության ներկայացուցիչ Ջորջ Մարսեկը խոստովանել է, որ առաջին անգամ է բախվում նման իրավիճակի: Նա նշել է, որ Ֆորթ-Լիվենուորթի բոլոր կալանավորները տղամարդիկ են, և եթե Մենինգը ցանկանում է «հորմոնալ թերապիա» սկսել սեռը փոխելու համար, ապա պետք է խնդրի իրեն տեղափոխել քաղաքացիական բանտ:
Ավելի վաղ Մենինգը հայտարարել էր, որ ցանկանում է փոխել իր սեռը և դառնալ կին՝ Չելսի անունով:
«Իմ կյանքում սկսելով նոր փուլ՝ ուզում եմ, որ բոլորն իմանան՝ ով եմ ես իրականում: Ես Չելսի Մենինգն եմ, ես կին եմ: Ես ցանկանում եմ հնարավորինս շուտ հորմոնալ թերապիա սկսել: Ես նաև խնդրում եմ, որպեսզի այսօրվանից բոլորն ինձ դիմեն միայն նոր անունով»,- ասված է Մենինգի հայտարարության մեջ:










