ՀՔԾ-ն Աշոտ Աղաբաբյանի գործով նյութերը հետ է ուղարկել Ոստիկանություն
Հատուկ քննչական ծառայությունը օրերս ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի դեմ «Հրազդան հոլդինգ» ՓԲԸ-ի նախկին աշխատակցուհի Լիանա Շահբազյանի հաղորդման հիման վրա Ոստիկանության Մալաթիայի բաժնում նախապատրաստված նյութերը հետ է ուղարկել Ոստիկանության քննչական բաժին: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը:
Ի պատասխան հարցի, թե ինչու են նորից Ոստիկանություն ուղարկել, ՀՔԾ մամուլի քարտուղարը հայտնեց. «Որովհետև քաղաքացի Լիանա Շահբազյանի հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում բավարար հիմքեր ձեռք չեն բերվել պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի կողմից դիմումատուի հասցեին սպանության սպառնալիքներ տալու վերաբերյալ, որի պայմաններում նյութերի նախապատրաստումը շարունակելու նպատակով դրանք, ըստ քննչական ենթակայության, վերադարձվել են Ոստիկանության քննչական բաժին»:
Այսինքն՝ դատելով նրանից, որ ՀՔԾ-ում քննվում են պաշտոնատար անձանց, պատգամավորներին, ոստիկաններին, իրավապահ համակարգի աշխատակիցներին առնչվող նյութերն ու քրեական գործերը, իսկ գործն ուղարկվել է Ոստիկանություն, ապա Աշոտ Աղաբաբյանը որպես մեղադրյալ չի ներգրավվի, եթե անգամ քրեական գործ հարուցվի։
Հիշեցնենք, որ «Փաստինֆո» կայքը հաղորդել էր որ Լիանա Շահբազյանը Ոստիկանությունում հայտնել է, թե ԱԺ պատգամավոր, «Հրազդան հոլդինգ» ՓԲԸ-ի հիմնադիր Աշոտ Աղաբաբյանը սպառնացել է վերացնել իրեն և աղջկան, իսկ փեսան էլ առևանգել է իր անձնական օգտագործման «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան՝ ունեցած պարտքերի պատճառով:
Ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:
Հիշեցնենք նաև, որ Աշոտ Աղաբաբյանը Tert.am-ի հետ զրույցում հերքել էր, որ սպառնացել է վերացնել Լիանա Շահբազյանին:










