Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել ՀՀ–ում Ֆիլիպինների նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆիլիպինների Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեխանդրո Մոսկերան (նստավայրը՝ Մոսկվա), տեղեկացնում է նախագահական գրասենյակի մամուլի ծառայությունը։
Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նա մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու տարիներին, օգտագործելով առկա ներուժը, իր անձնական ներդրումը կունենա Հայաստանի և Ֆիլիպինների միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում խթանելու և ընդլայնելու ուղղությամբ:
Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարևորում է Ֆիլիպինների հետ հարաբերությունների խորացումը և պատրաստակամ է դրան միտված համատեղ նախաձեռնությունների և ծրագրերի իրականացմանը:
Հանդիպմանը դեսպան Ալեխանդրո Մոսկերան վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում կանի ամեն հնարավորը, որպեսզի հետևողական և համատեղ աշխատանքի արդյունքում երկու երկրների միջև հարաբերությունները նոր որակ ստանան:










