Հրաչ Մուրադյանն այսօր կդառնար 50 տարեկան, Պռոշյանում հիշատակի արարողություն է (տեսանյութեր)

14:31 • 23.08.13

«Արցախյան ազատամարտի հերոս», «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր, ապրիլի 2-ին դավադիր գնդակից սպանված Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանի ծննդյան 50 ամյակի կապակցությամբ այսօր Պռոշյանի գյուղապետարանի մոտ, որտեղ սպանվել էր Հրաչը, տեղի ունեցավ հիշատակի արարողություն:


Արարողությանը ներկա էին համագյուղացիներ, մարտական ընկերներ, հարազատներ, «Հրաչ Մուրադյան-արդարության պահանջ» հասարակական շարժման և ՀՅԴ Գերագույն մարմնի անդամներ Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, Արսեն Համբարձումյանը, շարքային դաշնակցականներ:


Կարգախոսներ, վանկարկումներ այսօր չկային, բացառությամբ Հայաստանի պետական ու Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության դրոշներից, որի անդամ էր Հրաչ Մուրադյանը:

 

Ոմանք եկել էին դեղին ծաղիկներով, որը սպանված գյուղապետի սիրած գույնն էր:


«Եթէ ծաղիկ պիտի բերէք, բերէք դեղին գոյնի... իր նախընտրած ծաղկի գոյնն էր: Բերէք նաև ոճիրի բացայատման ձեր արդար և ցասկոտ պահանջատիրութիւնը:



Ընկերոջ արիւնը գիտին չենք թողնելու. ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ ԵՆՔ ՊԱՀԱՆՋՈՒՄ»,- ասված է ր «Հրաչ Մուրադյան» հասարակական շարժման նախապես տարածած հայտարարության մեջ:


Գյուղապետարանի մոտից մարդկանց թափորը շարժվեց դեպի պռոշյանցի ազատամարտիկների պանթեոն, որտեղ թաղված է նաև Հրաչ Հակոբյանը:


Ելույթով հանդես եկած ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը հայտարարեց, թե քանի դեռ այս սպանությունը բացահայտված չէ, այն գյուղի վրա մնալու է որպես խարան: «Պետք է հետամուտ լինենք, որ այս սպանությունը բացահայտվի»,- նշեց Աղվան Վարդանյանը:


ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանը, Tert.am–ի հարցին, թե ի՞նչն է խանգարում Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտմանը, ասաց.«Մենք ևս մտահոգություններ ունենք այդ պատճառով փաստաբան ենք ներգրավել, որը հետևում է նախաքննության ընթացքին: Փորձում ենք ուշադիր լինել, որ այն օր առաջ բացահայտվի: Սա դժվար բացահայտվող սպանություն է, այն իմաստով, որ հանցագործները պրոֆեսիոնալ են եղել: Բայց չբացահայտվող գործ չկա»:

Հիշատակի արարողությունից հետո մատուցվեց մատաղ: