Ընթացիկ տարում Իսպանիա են այցելել ռեկորդային թվով զբոսաշրջիկներ
Իսպանիա այցելած զբոսաշրջիկների թիվը գերազանցել է անցած տարիների ցուցանիշները, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Local-ին: 2013 թվականի միայն հուլիս ամսին երկիր է այցելել 7,9 մլն մարդ:
Երկրի արդյունաբերության, էներգետիկայի և զբոսաշրջության նախարարությունը հաշվետվություն է հրապարակել, որտեղ հաղորդվում է, որ հուլիսին Իսպանիա է այցելել անցած տարվա նույն ամսվա համեմատ 2,9 տոկոսով ավելի զբոսաշրջիկ:
Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Իսպանիա է այցելել ավելի քան 34 մլն օտարերկրացի, ինչը 3,9 տոկոսով ավելի է 2012 թվականի տվյալներից: Զբոսաշրջիկների թվի աճը տեղի է ունենում Հյուսիսային Եվրոպայից, Մեծ Բրիտանիայից և Ռուսաստանից եկած հյուրերի հաշվին:
Առավել մեծ աճ է նկատվել Կատալոնիայում, որտեղ զբոսաշրջիկների թիվն աճել է 5,1 տոկոսով: Երկրի ամեն չորրորդ հյուրը գալիս է հանգստանալու հենց այդ շրջան:
Վերլուծաբանների կարծիքով՝ այդ աճը տեղի է ունեցել Իսպանիայի մրցակից Թուրքիայում և Եգիպտոսում քաղաքական հուզումների ֆոնին:










