Տաքսու վարորդները հետաձգել են բողոքի ցույցը. սպասում են Գագիկ Բեգլարյանին
Իրենց աշխատանքային պայմաններից դժգոհ Երևանի մի խումբ տաքսու վարորդներ նախապես հայտարարած բողոքի ակցիան հետաձգել են և սպասում են տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի վերադարձին, այս մասին Tert.am-ին հայտնեց «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ նախագահ Գևորգ Դոստուրյանը:
«Տրանսպորտի նախարարն արձակուրդի մեջ է, սպասում ենք, որ նախարարն էստեղ լինի, և երբ գա, միգուցե արդեն հանդիպենք և մեր հացը լուծվի ու բողոքի ակցիայի կարիքը չլինի»,-ասաց նա։
Գևորգ Դոստուրյանը նշեց, որ իրենց միակ պահանջը տաքսու վարորդների համար հավասար պայմաններ ստեղծելն է և որոշ արտոնություններ տալը. «Տրանսպորտի նախարարից մեր հիմնական պահանջը տաքսիների մասով անօրինականություններ թույլ չտալն է, ուզում ենք հավասար պայմաններ լինեն, բայց հիմա չկան այդ հավասար պայմանները, այդ մի հարցն է, ուրիշ խնդիր չունեն տաքսու վարորդները»։
Գևորգ Դոստուրյանի փոխանցմամբ՝ իրենք վճարովի կայանատեղիների դեմ չեն բողոքել և այդ հարցը չենք բարձրացրել. «Բայց բոլորս էլ ասում ենք, որ միգուցե տաքսիների համար 5 րոպեի փոխարեն 10 րոպե դարձնեն անվճար կայանելու ժամանակը, քանի որ ուղևորը կարող է ասենք 10 րոպե խանութ մտնելու համար իջնել և այլն»:
Ինչ վերաբերում է ճանապարհային կանոններին, նա նշեց, որ իրենք ճանապարհային ոստիկանության պետին են նամակ ուղարկել և բարձրացրել են փողոցներում կայանելու հարցը:
«Առաջին շարքը համարյա ամեն տեղ զբաղված է, տաքսիները ստիպված երկրորդ շարք պետք է կանգնեն, իսկ դա չի թույլատրվում: Պահանջել ենք միայն տաքսիների համար թույլատրել երկրորդ շարք կայանելը»,- ասաց Գևորգ Դոստուրյանը՝ ավելացնելով, որ իրենք սպասում են պատասխանի:










