Արգենտինայում թմրանյութի վաճառքով զբաղվողները մարիխուանան տեղափոխելու համար փոստային աղավնիներ են օգտագործել
Արգենտինայում ձերբակալվել է թմրանյութերի վաճառքով զբաղվող հանցախումբ, որը մարիխուանա առաքելու համար փոստային աղավնիներ է օգտագործել, գրում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով տեղական թերթերին:
Բուենոս Այրեսի արվարձանում գործող հանցագործները ոստիկանությանը մինչ այժմ անհայտ խորամանկ մեթոդ են կիրառել թմրանյութերը տեղ հասցնելու համար: Այն տուն, որտեղ աճեցվում և փաթեթավորվում էր մարիխուանան, հանցագործները վանդակների մեջ հատուկ վարժեցրած աղավնիներ են բերել, որոնց ոտքերին ամրացվել է թմրանյութի չնչին քանակ:
Դրանից հետո թռչունները վերադարձել են իրենց տերերի՝ ենթադրյալ դիլերների մոտ, որոնք այնուհետ վերավաճառել են թմրանյութը փողոցներում: Հետաքննությունը ենթադրում է, որ աղավնիները թմրանյութ են տեղափոխել օրական 20 անգամ: Այդ կերպ հանցագործները ցանկացել են խուսափել մարիխուանան փոխանցելու ընթացքում փողոցում բռնվելու վտանգից:
Աղբյուրը նշում է, որ հավանաբար, հանցախմբի կազմակերպիչներին ոգևորել են կոլումբացի կալանավորները, ովքեր նույնպես աղավնիներ են օգտագործել կալանավայր թմրանյութ հասցնելու համար:










