Թույլ մի տվեք, որ որոշ քաղաքական ուժեր ռեինկարնացիա ապրեն ուսանողական ձեր պրոբլեմների ֆոնին. Արմեն Աշոտյան

14:15 • 24.08.13

Բուհերում ուսման վարձերի բարձրացման առթիվ այսօր Երևանի պետական համալսարանում հավաքված ուսանողների հետ հանդիպմանը Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նրանց հորդորեց չօգտագործվել քաղաքական որոշ ուժերի կողմից:


«Թույլ մի տվեք, որ ձեր միջոցով որոշ քաղաքական ուժեր ռեինկարնացիա ապրեն ձեր ուսանողական պրոբլեմների ֆոնի վրա»,- ուսման վարձերի բարձրացումը մեղմելու քայլերի ցանկը ներկայացնելուց հետո՝ դիմելով ուսանողներին հայտարարեց Կրթության և գիտության նախարարը՝ նկատի ունենալով սեպտեմբերին սպասվող դասադուլները:


«Երիտասարդ արյունը չի կարող վերակենդանացնել քաղաքական դիակներին»,- ավելացրեց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ դեմ չէ, որ ուսանողը ըմբոստ լինի, ավյունով լի, պահանջատեր, բայց ոչ օգտագործվող:


Քանի որ Արմեն Աշոտյանի հետ հավաքին հիմնականում ներկայացված էին տարբեր բուհերի ուսխորհուրդների ղեկավարներ, ուստի խիստ ըմբոստ հարցեր չհնչեցին: Ընդհակառակը, Նարեկ անունով մի ուսանող, հարց ուղղելով նախարարին, կարծիք հայտնեց, որ ֆեյսբուքյան նախաձեռնող խմբերը, որոնք և հրահրում են դասադուլները և քաղաքացիական այլ նախաձեռնությունները, կասկածելի ֆինանսավորման աղբյուրներ ու տեղեկացվածություն ունեն:


Արմեն Աշոտյանը խոստանալով շատ ազնիվ լինել հարցին պատասխանելիս՝ նշեց. «Եթե քաղաքական շրջանակներն այդքան մտահոգ էին խնդրով, եթե այդքան ձեր դարդով ապրում էին, ապա ինչո՞ւ ապրիլին, երբ հայտնի դարձավ բուհերի ռեկտորների որոշման մասին, այդ հարցը չբարձրացվեց»:


Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահը նկատեց նաև, որ աշխարհի ոչ մի երկրում ուսանողությունը սոցիալական լավ պայմաններում չի գտնվում: Լավ օրում չի գտնվել նաև ինքը՝ Արմեն Աշոտյանը 90-ականների ուսանողական իր տարիներին:


Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ուսխորհրդի ներկայացուցիչն էլ ԿԳ նախարարից հետաքրքրվեց, թե արդյոք բուհերի ուսման վարձերի բարձրացումից գոյացվելիք եկամուտներից հնարավո՞ր է նոր հանրակացարաններ կառուցվեն:
Ըստ Արմեն Աշոտյանի՝ խորհրդային տարիներին գոյություն ունեցած հանրակացարանային ֆոնդը ամբողջությամբ փոշիացված է, և ընդամենը մեկ ուսանողական հանրակացարան է գործում Զեյթունում:


Ինչ վերաբերում է հարցին, թե այդ գումարներով հնարավո՞ր կլինի հանրակացարանային հարց կարգավորել, ապա նախարար Աշոտյանը նշեց, որ ոչ, հնարավոր չէ:


Եվ բուհերն էլ, ըստ ԿԳՆ հաշվարկների՝ միջինը ուսման վարձերը բարձրացրել են ոչ թե 40, այլ 20 տոկոսով: Օրինակ՝ Երևանի պետական համալսարանը՝ 19, կոնսերվատորիան՝ 20, Գյումրու մանկավարժականը՝ 20 տոկոսով:


Սակայն հարցն, ըստ Արմեն Աշոտյանի, պետք է գտնվի կառավարության գործունեության տիրույթում և ապագայում նախատեսվում է կառուցել ուսանողական ավան:


Սրանք Արմեն Աշոտյանի ներածական խոսքին հաջորդած հարցուպատասխաններն էին, իսկ նախքան այդ, նա ներկայացրեց, թե ինչպես է պատկերացնում հարցի լուծումը:


«Պնդում համար առաջին: Այն է, որ ոչ մի լավ ուսանող սոցիալական պատճառով բուհից դուրս չի մնա։ Սա մեր գերագույն նպատակն է»,- նկատեց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ այս տարվա սեպտեմբերի մեկից «Փարոս» համակարգի ընտանիքների լավ սովորող ուսանողները 50-ից 100 տոկոս զեղչ կստանան:


Նա ուսխորհուրդների նախագահներին խնդրեց, որ այդ օգնությունը լինի հասցեական:


Ըստ ԿԳ նախարարի՝ միջին խավից մի քիչ ցածր սոցիալական խմբի ուսանողները արտոնյալ ուսանողական վարկեր կստանան 12 տոկոսով՝ նախկին 20-24 տոկոսի փոխարեն, իսկ մարման ժամկետը կլինի ոչ թե մեկ տարի, այլ տասը տարի: Եվ վարկ ստանալու համար հավելյալ գրավադրումներ չեն պահանջվի:


Արդեն պատրաստ է օրենքի նախագիծը, որը պետք է սահմանափակի բուհերի լիազորությունը՝ ուսման վարձավճարները բարձրացնելու հարցում և մոտ ապագայում կառավարություն նիստից հետո կառաքվի ԱԺ, որպեսզի ճանաչվի անհետաձգելի և ԱԺ-ում առաջնահերթության կարգով քննարկվի:


Պատրաստ է նաև երկրորդ օրինագիծը, որը վերաբերում է ուսանողական զեղչերին: Բանն այն է, որ գործող կարգով հստակեցումներ չկան, միայն նշվում է, որ բուհերը պարտավոր են իրենց վճարովի ծառայությունների հաշվին ուսանողների 10 տոկոսին զեղչ անել, իսկ թե ում են դրանք հասնում, ինչքան չափով՝ կարգավորված չէ:


Նախարարությունն առաջարկում է սահմանել, որ բուհերը վճարովի ծառայությունների կուտակած գումարից առնվազն 3 տոկոսն ուղղեն ուսանողական զեղչերին:


«Փաստացի վիճակի հետ համեմատած, միջինացված քանակով բոլոր բուհերը միասին իրենց բյուջեներից զեղչերին հատկացնում են մոտ 3,9 տոկոս կամ մոտ 850 միլիոն դրամ: Իսկ այս պարագայում կստացվի 1 մլրդ 400 միլիոն դրամ»,- ասաց նա։


Օրենքով սահմանվելու են սոցիալական այն խմբերը, որոնց առաջնահերթության կարգով է զեղչ հասնում:


Աղքատության սահմանային միավորից բարձր ընտանիքների ուսանողներին՝ 18 տարին լրացած, առանց ծնողական խնամքի, մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին, սահմանամերձ և բարձր լեռնային գոտիներում ապրող մանկավարժների, երեք և ավելի ուսանող ունեցող կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաներին 30-50 տոկոսի սահմաններում է ուսման վարձը զեղչվում: Բայց հիմնական պայմանն այն է, որ զեղչերի ենթակա ուսանողները պետք է լավ սովորեն: Սա էլ ըստ ԿԳ նախարարի՝ լրացուցիչ մոտիվացիա է: