Բերման են ենթարկել քաղաքապետարանի դիմաց նստացույց անող երիտասարդներին
Ինչպես հաղորդում է ԳԱԼԱ-ն՝ մոտ մեկ ժամ առաջ բերման են ենթարկել Երևանի քաղաքապետարանի նստացույց անող Վահագն Մինասյանին և Սուրեն Սահակյանին: Պատճառը, ըստ ոստիկանների, վերջիններիս չենթարկվելն էր իրենց օրինական պահանջին: Սակայն երբ խնդրել են ոստիկաններին բացատրել, թե ինչ իրավախախտում անելու ժամանակ են ներկայացվել օրինական պահանջները, վերջիններս բացատրություն տալ չեն կարողացել:
Իրականությունն այն է, որ տղաները հովանոց տեղադրելու այլընտրանքային տարբերակ են գտել և մեքենայի վրա դրված ձողերի վրա փորձում են հովանոց տեղադրել: Սակայն ոստիկանները գտել են, որ հովանոցի չափը մեծ է և խոչընդոտում է հանրային տարածքի ազատ լինելուն: Ոստիկաններն ասել են, թե հովանոցի ծավալն ավելի մեծ է, քան մեքենայի, դրա համար պահանջում են հեռացնել:
Նստացույց անող Գոռ Առաքելյանն իր հերթին վերցրել է իր մոտ եղած անձրևանոցը և բացելով այն՝ ոստիկաններին ցույց տվել՝ ասելով, թե անձրևանոցն էլ իր ծավալներից է մեծ. «Խնդրում եմ, ի՛նձ էլ ապամոնտաժեք, որովհետև անձրևանոցն էլ իմ ծավալներից է մեծ: Երբ դուք ինձ ապամոնտաժեք, մենք կապամոնտաժենք հովանոցը»:
Ըստ ԳԱԼԱ-ի տվյալների՝ ակտիվիստներն այժմ գտնվում են ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում:










