The Guardian-ը Սնոուդենի գաղտնի տեղեկատվության մի մասը փոխանցել է ամերիկյան թերթի

10:15 • 24.08.13

Բրիտանական The Guardian թերթը ամերիկյան New York Times-ին է փոխանցել Էդվարդ Սնոուդենից ստացած գաղտնի տեղեկատվության մի մասը։ Նման որոշման պատճառը եղել է Միացյալ Թագավորության կողմից իրականացվող ճնշումները. տեղեկացնում է Russia Today-ը։


«Բրիտանական իշխանությունների կողմից իրականացվող խիստ ճնշումների պայմաններում մենք որոշում ենք կայացրել աշխատել մեր ամերիկացի գործընկերների հետ։ Մենք աշխատելու ենք New York Times-ի և այլոց հետ, որպեսզի հնարավորություն ունենանք ապագայում ևս հրապարակել այդ տեղեկատվությունը»,- գրել է պարբերականը։


Ամերիկյան թերթին փաստաթղթերի մի մասը տալու որոշումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ ԱՄՆ-ում լրագրողները պաշտպանված են Սահմանադրությամբ, որը երաշխավորում է խոսքի ազատությունը։ Էդվարդ Սնոուդենը տեղյակ է The Guardian-ի որոշման մասին։


Հիշեցնենք, որ իշխանությունները The Guardian-ին սպառնացել էր դատարանով, որի հետևանքով կարող էր արգելվել թերթի տպագրությունը։ Այդ պայմաններում թերթը ոչնչացրել է Սնոուդենի տրամադրած նյութերի պատճեները, սակայն խոստացել է դրանցով զբաղվել այլ երկրներում։