Ծեծում են բոլորին` առանց խտրականության. ահազանգ բնակչից (տարբերակ 2)

14:19 • 24.08.13

Կոմիտաս 5 հասցեում, չնայած քառակողմ պայմանավորվածությանը, որ 7 օր շինարարությունը կասեցվում է, մինչև պարզաբանումներ տրվեն, այսօր վերսկսվել է շինարարությունը, և թիթեղապատված փոսի հետևից լսվում է էքսկավատորի շարժիչի հռնդյունը: Տեղանքում են մեծ թվով ոստիկաններ ու կարմիր բերետավորներ, որոնք արգելում են ոչ միայն մարդկանց բակ մտնել, այլև մոտակա շենքերի բնակիչներին գնալ իրենց տները:


Tert.am-ի լրագրողի ներկայությամբ պատ կազմած ոստիկանը մի տիկնոջ իր տղայի հետ թույլ տվեց, որ տուն գնան:


«Կարող ա՞ «պասպորտներով» պտի ման գանք»,- ոստիկաններին բարկացած դիմեց բնակչուհին, իսկ նրա տղան հեռանալով հասցրեց պատմել. «Մեզ հիմա թողեցին, բայց մինչ այդ չէին թողնում»:


Հիշեցնենք, որ Կոմիտաս 5ա, 7 և 9 շենքերի հարևանությամբ «Լիբեր» ՍՊԸ-ն ցանկանում է բարձրահարկ շենք կառուցել, ինչին ընդդիմանում են հարակից շենքերի բնակիչները: Կառուցապատող-բնակիչներ վեճն արդեն մի քանի օր է, ինչ գտնվում է լրատվամիջոցների և հասարակության ուշադրության կենտրոնում և ժամանակ առ ժամանակ ուղեկցվում թեժ բախումներով:


Լարված իրավիճակներից մեկի ժամանակ էլ պայքարող ակտիվիստներից Անուշավան Պետրոսյանն անգամ կտրել էր ձեռքի երակները՝ այդ կերպ փորձելով իր բողոքն արտահայտել բնակիչների արդարացի զայրույթը հաշվի չառնող իշխանությունների նկատմամբ:
 

Շենքի շինարարության դեմ պայքարող տատիկները փողոցում հավաքված անօգնական վիճակում սպասում էին, մինչև եկան ակտիվիստների խմբերը «ա-մոթ» վանկարկումներով: Նրանց գալուց հետո ոստիկանները շինարարության պատը սկսեցին պաշտպանել ուժեղացված՝ չորս շարք կազմած: «Զոռբան անզորին կերել ա» ,-նկատեց տատիկներից մեկը:


Այս ընթացքում վարչական բերման ենթարկվեց ակտիվիստ Եղիա Ներսիսյանը:
Շենքի շինարարության դեմ պայքարող ակտիվիստները ոստիկանների հետ լեզվակռվի էին բռնվել:

-Ինչքա՞ն աշխատավարձ ես ստանում,- հարց ուղղվեց ոստիկաններին։

-Հաստատ քեզանից ավելի քիչ»,- հնչեց պատասխանը։

-Բայց ինչքա՞ն աշխատավարձ ես ստանում, որ սրան պաշտպանում ես,- պարբերաբար նման խոսակցություններ էին լսվում:


Նշենք, որ ոստիկաններից, շենքի բնակիչներից ու ակտիվիստներից բացի զգացվում էր մի այլ՝ չորրորդ խմբի ներկայություն: Դրանք զանազան երիտասարդներ են, որ փողոցի կամ մոտակա շենքերի տարբեր անկյուններից ինչ-որ մարդկանց հեռախոսով մանրամասն պատմում են, թե ինչ է կատարվում:

 

 


15:50


Քիչ առաջ Tert.am-ին զանգահարեց Կոմիտաս 5-ի բնակիչներից Աննան և արտասվելով պատմեց, որ ոստիկանները բռնություն են գործադրում բնակիչների նկատմամբ:

«Ծեծում են և՛ մեծերին, և՛ փոքրերին՝ առանց խտարականության»,- ասաց կինը և հայտնեց, որ բնակիչները նախքան այդ փորձել են փակել խաչմերուկը: