Արթուր Օսիկյանն ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչին

10:46 • 24.08.13

Օգոստոսի 23-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցիչ Դամթյու Դեսսալենին: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության կայքը։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի այլ աշխատակիցներ, ՀՀ ոստիկանության շտաբի, իրավաբանական և անձնագրային ու վիզաների վարչությունների ծառայողներ:


Հանդիպման ընթացքում ներկայացվել են Հայաստանի Հանրապետությունում ապաքաղաքացիության կրճատման նպատակով համապատասխան օրենսդրական բարեփոխումների շրջանակներում մշակված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Միավորված ազգերի կազմակերպության փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի կողմից կատարված հետազոտությունների արդյունքում տրված գնահատականը` «Ապաքաղաքացիության կրճատման մասին» 1961 թ. կոնվենցիայի պահանջների ապահովման մասով, «Փախստականների կարգավիճակի մասին» 1951 թվականի ՄԱԿ-ի կոնվենցիային համապատասխան կենսաչափական տվյալներով նույնականացման քարտեր և ճամփորդական փաստաթղթեր տրամադրելու նպատակով նախապատրաստված «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ինչպես և ՀՀ ոստիկանության կողմից մշակվող օրինագծերում ներառելու նպատակով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առաջարկվող նկատառումները:


Նշված հարցերի կապակցությամբ գրասենյակի կողմից վերահաստատվել է եվրոպական երկրներ ճանաչողական այց կազմակերպելու ցանկությունը, որպեսզի հնարավոր լինի տեղում ծանոթանալ առաջավոր փորձին:


Փախստականների գծով Գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը, մասնավորապես, իր գոհունակությունն ու շնորհակալությունն է արտահայտել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացրած նկատառումները Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից օրինագծերում ներառելու, ինչպես և արդյունավետ համագործակցության համար:
Ոստիկանության պետի տեղակալը և ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցիչը հույս են հայտնել, որ արդյունավետ համագործակցությունը կշարունակվի: