Ձմերուկային հրավառություն. տոնին, ինչպես միշտ, միախառնվել է «սոցիալական» տարրը (ֆոտոշարք, տեսանյութ)
Կարապի լճում այսօր առաջին անգամ մեկնարկած «Ձմերուկային հրավառություն» տոնը շատ երևանցիների ու լուսանկարահանող զբոսաշրջիկների համար անսովոր էր. ձմերուկներով լցված Կարապի լիճը, որտեղ լողում են նաև երեխաներ ու կարապներ, հարմարեցված էր նաև դիսկոտեկային երաժշտության համար:
Ձմերուկային հյուրասիրություն կազմակերպող տաղավարների ու «ֆրեշի» ապարատների մոտ շատ արագ հայտնվեցին տարեց կանայք ու տղամարդիկ՝ անվճար հյուրասիրությունից օգտվելու նպատակով:
Սակայն կային նաև այնպիսիք, որոնք ուղղակի որսում էին լճում լողացող ձմերուկներն ու տանում հետները:
Դրանից անմասն չէին մնում նաև մոտակա սրճարանների աշխատողները, որոնք իրենց կոլեկտիվի ամենաերիտասարդին ուղարկել էին՝ լճից սառը ձմերուկ հայթայթելու:
Տոնական տրամադրությանը մի փոքր խանգարում էր շոգը և այն հանգամանքը, որ դեռևս «ամենամեծ ձմերուկ» անվանակարգին հավակնող ձմերուկներ չէին բերվել:
Իսկ այս անվանակարգի, և բոլոր անվանակարգերի համար անցկացված մրցույթների արդյունքները կամփոփվեն երեկոյան 18:00-ին. ամենամեծ ձմերուկ անվանակարգի հաղթողը կարժանանա մրցանակի, որի մասին դեռևս չի ասվում և անակնկալ է պահվում:
Վերջին պահին մտել է մի նոր անվանակարգ՝ «արագ ձմերուկակերություն»:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը՝ միջոցառումն անցկացվում է «Երևանյան ամառ -2013» միջոցառումների շրջանակում, և տոնի համար հատուկ ընտրվել է ամառվա վերջին ամսվա վերջին շաբաթը:
«Մեր նպատակն է՝ գեղեցիկ անակնկալ մատուցել երևանցիներին ու մեր հյուրերին և այս միջոցառումը կազմակերպել, որպեսզի նրանց համար, ովքեր ամառն անցկացնում են մայրաքաղաքում, ևս ունենան հիշելու համար հիշարժան տոն»,- ասաց քաղաքապետարանի ներկայացուցիչը:
Նշենք, որ ըստ կազմակերպիչների մտահղացման՝ ձմերուկային հյուրասիրության տաղավարներից հյուրասիրությունը կազմակերպվելու է շոու բիզնեսի աստղերի միջոցով:










