Միլիարդատեր Դոնալդ Թրամփը մեղադրվում է «իր հաճախորդներին ամեն քայլափոխի խաբելու համար»
Նյու Յորքի գլխավոր դատախազը հայց է ներկայացրել միլիարդատեր Դոնալդ Թրամփի դեմ, որով նրան մեղադրում է «Թրամփի համալսարանի» աշխատանքների կազմակերպման ընթացքում խարդախության համար, գրում է ria.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ին:
Դատախազ Էրիկ Շնեյդերմանի հայտարարության մեջ նշվում է, որ կազմակերպությունը, որը պարտավորվել է բարձրակարգ կրթական ծառայություններ մատուցել, իրականում ընդամենը զբաղված է հաճախորդների միջոցների հավաքմամբ:
Մարդկանց գրավել են թանկարժեք և հաճախ անիմաստ սեմինարներին մասնակցելու համար: Բացի այդ, 5000 մարդու, ովքեր վճարել էին 35.000 դոլար, խոսք էր տրվել հանդիպում Թրամփի հետ, դրա փոխարեն նրանք ընդամենը լուսանկարվելու հնարավորություն են ստացել միլիարդատիրոջ նկարի կողքին:
Դատախազ Շնեյդերմանի խոսքով՝ Թրամփի համալսարանը խաբում է իր հաճախորդներին ամեն քայլափոխի և իր ծրագրերով նրանց իրական ֆինանսական վնաս հասցնում: Նա պահանջում է 40 մլն դոլար փոխհատուցում:
Դոնալդ Թրամփը հերքել է բոլոր մեղադրանքները՝ դրանք որակելով կեղծ և քաղաքական շարժառիթ ունեցող: Նա 11 հազար փաստաթուղթ է հավաքել, որտեղ իր կուրսերին հաճախողները գոհունակություն են հայտնել ստացած կրթությունից:










