Չինական ֆերմայից մոտ 1 միլիոն խավարասեր է փախուստի դիմել
Առնվազն 1 միլիոն խավարասեր է փախել չինական ֆերմայից: Միջատները զանգվածաբար լքել են Դաֆեն քաղաքում գտնվող ֆերման, երբ անհայտ չարագործը կոտրել է պլաստիկ ջերմոցները, որտեղ նրանք բազմանում էին, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով AFP-ին:
Չինաստանում խավարասերներին բազմացնում են, որպեսզի օգտագործեն ժողովրդական բժշկության մեջ՝ բորբոքումների, քաղցկեղի դեմ պայքարելու, ինչպես նաև օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու համար:
Առողջապահության նախարարության պաշտոնյաները շրջան են ուղարկել մի քանի մասնագետների, որպեսզի նրանք մտածեն, թե ինչպես կարելի է շրջանը ազատել միջատներից:
Ֆերմայի սեփականատեր Վան Պեն Շինը խոստովանել է, որ ամերիկյան խավարասերների 102 կգ-ի ձվեր գնելու համար ծախսել է 16.000 դոլար: Մինչ այդ նա մոտ կես տարի մտածում էր ապագա ձեռնարկության բիզնես ծրագիրը: Նա նաև պատմել է, որ միջատներին կերակրելու համար նա գնում էր մրգեր և թխվածքաբլիթներ:
Ֆերմայի սեփականատերը սպասում էր, որ իր բիզները նրան լավ եկամուտներ կբերի, սակայն արդյունքում նա կորցրել է հազարավոր դոլարներ:










