Չինացի ծնողները իրենց որդուն 30 տարի փակված են պահել քարե կառույցում (լուսանկարներ)
Չինաստանում ծնողները 30 տարի փակված են պահել իրենց որդուն, ում մոտ պատանի տարիքում հոգեկան խանգարումներ են ի հայտ եկել, տեղեկացնում է Daily Mail-ը:
46-ամյա Դոնգ Հաին փակված է ապրել 5 քառ. մետր մակերեսով քարե կառույցում, որը գտնվում է իր ծնողների տան բակում: Ծնողները իրենց որդուն մեկուսացրել են՝ վախենալով, որ նա կարող է վնասել շրջապատին:
Չինաստանի Ֆուջիան նահանգի բնակիչները դիմել են տարբեր բժիշկների՝ օգնություն հայցելով իրենց որդու համար: Զույգը, մեկ տարում ծախսելով բոլոր խնայողությունները որդու բուժման վրա, ստիպված դադարեցրել է այն:
Այժմ 70-ամյա ծնողները մտահոգվում են, թե ինչպես է հետագայում ապրելու իրենց միակ որդին, ով 30 տարի դուրս չի եկել քարե խրճիթից: Ծնողները նրան կերակրել են պատի մեջ եղած անցքով, այնուհետև ջուր ցողել ներս որդուն լողացնելու և տարածքը մաքրելու համար:
Կառավարությունը մի քանի տարի առաջ սեփականացրել է գյուղի հողատարածքը՝ անշարժ գույք կառուցելու նպատակով, և այժմ չինացի զույգը մնացել է առանց եկամտի աղբյուրի: Իսկ հայրը չի կարողանում ծանր աշխատանքներ կատարել անցյալ տարի պահակության ժամանակ ստացված վնասվածքից հետո:










