Բակո Սահակյանն այցելել է «Մենք ենք, մեր լեռները» հուշարձանի շինհրապարակ

17:28 • 26.08.13

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Արցախի գլխավոր խորհրդանիշներից մեկը հանդիսացող «Մենք ենք, մեր լեռները» հուշարձանի շինհրապարակ և ծանոթացել այնտեղ իրականացվող բարեկարգման աշխատանքների ընթացքին, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։


Բակո Սահակյանը կարևորել է ազգային նշանակություն ունեցող օբյեկտների պահպանման անհրաժեշտությունը` նշելով, որ հուշարձանի բարեկարգ ու հարմարավետ տարածքը ժամանցի լավ վայր կհանդիսանա ինչպես ԼՂՀ բնակչության, այնպես էլ Ստեփանակերտ ժամանող հյուրերի ու զբոսաշրջիկների համար:


ԼՂՀ նախագահը նաև համապատասխան հանձնարարականներ է տվել բարեկարգման աշխատանքների եզրափակիչ փուլը պատշաճ մակարդակով ավարտին հասցնելու ուղղությամբ` պահպանելով նշված ժամկետներն ու բարձր որակը:


Այցի ընթացքում Նախագահին ուղեկցել են Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք: