«Ամառային ներառական ճամբար 2013»-ի երեխաներին հյուրընկալվեցին հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները (լուսանկարներ)
2013 թվականի օգոստոսի 25-ին ՎՏԲ-Հայաստան բանկի աջակցությամբ վերանորոգված Ստեփանավանի «Էլեն» հանգստյան տանը տեղի ունեցավ ամառային ներառական ճամբարի փակումը: «Ամառային ներառական ճամբար 2013»-ի ճամբարական 3-րդ հերթափոխի երեխաներին հյուրընկալվեցին հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ` դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, երգիչ Էրիկ Կարապետյանը, երգչուհի Սոֆի Մխեյանը, երգերի խոսքերի հեղինակ, ռադիոհեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանը, հումորիստ- դերասաններ Անդոն ու Ռաֆոն: Այս մասին տեղեկանում ենք «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունից։
Շոու բիզնեսի ներկայացուցիչներին ընտրել էին երեխաները, որոնք ցանկանում էին ծանոթանալ իրենց սիրելի երգիչների և դերասանների հետ: 4 ջոկատների երեխաները սիրելի դերասանների համար պատրաստել էին զվարճալի անակնկալ` փոքրիկ ներկայացումների տեսքով:
Աստղերը երեխաների հետ զրուցեցին, ծանոթացան նրանց առօրյային. ինչով են զբաղվում ճամբարում երեխաները, ինչ պայմաններում է անցնում նրանց հանգիստը, նվերներ փոխանցեցին նրանց: Ներառական ճամբարի փակմանը ներկա էին ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահ Յուրի Գուսևը, բանկի աշխատակիցներ, ՀԿ-ների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահ Յուրի Գուսև. «Օգնությունը երեխաներին միշտ արդիական է, իսկ հատուկ կարիքներով երեխաներին նյութական օգնությունը միակ անհրաժեշտը չէ. նրանք կարիք ունեն նաև հոգեբանական աջակցության և պարզ մարդկային վերաբերմունքի: Հուսով ենք` երեխաներն ամառային արձակուրդը լավ անցկացրեցին և պատրաստ են դիմավորել նոր ուսումնական տարին նոր ուժերով ու ոգևորությամբ»:
«Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Մաղաքյան. «Շնորհիվ ՎՏԲ-Հայաստան բանկի կողմից «Էլեն» հանգստյան տանն իրականացված աշխատանքների՝ տարեցտարի ավելի շատ երեխաներ են հանգստանում այս ճամբարում: Ավարտվեց ճամբարային հանգիստը: Մենք շնորհակալ ենք բոլոր հյուրերին, ովքեր իրականացրեցին երեխաների ցանկությունը` գտան ժամանակ, եկան, ծանոթացան և շփվեցին նրանց հետ։»










