Եթե ԵՄ-ի դեպքում մեզ հրավիրում են, ապա Եվրասիականի դեպքում տանում են անտառ. բանավեճ
Եթե ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմամբ Եվրոպան Հայաստանին հրավիրում է, ապա Եվրասիական միության հարցում Ռուսաստանը Հայաստանին տանում է անտառ, այսօր ԵՄ Ասոցացու՞մ, թե Եվրասիական միություն թեմայով բանավեճին հայտարարեց խորհրդային դիսիդենտ, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը:
«Ռուսաստանը մեզ առաջարկում է ոչ թե իր կողքին կանգնել որպես եվրոպական պետություն, այլ մեզ ուղարկում է մյուս տեղը: Այ, ռուսական ալիքներով վերջերս ցույց տվեցին «Միմինո» ֆիլմը, հենց էդ կարգավիճակն են տալիս մեզ: Իրենք վեհանձն, մեծահոգի, եվրոպացի, մենք՝ ասիացի: Այ այդտեղ են մեզ ուզում տանել»,– ասաց նա:
«Ռուսաստանը մեզ ուզում է տանել որևէ ձևով, վերադարձնել նախկին գաղութային վիճակին: Եվրոպան մեզ փող է առաջարկում, վերաբերմունք է առաջարկում: Նրա առաջարկությունները ազատ պետությանն են վերաբերում: Մեզ ինքնիշխան պետություն է գնահատում և ասում է՝ «Արի՛ մեզ հետ: … Իսկ Ռուսաստանը մեզ ոչ թե հրավիրում է, այլ տանում է: Տանում է անտառ»,- ավելացրեց Ազատ Արշակյանը:
Իր նախաբանում նա նշեց, որ այս հարցում շատ մեծ տարբերություն կա իր և Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի դիրքորոշումներում։ Վերջինիս խոսքով՝ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ տեղերում հիմնախնդիրներ առաջացնելով և դրա դեմ հարուցելով քաղհասարակության ընդվզումն ու բողոքը, իշխանությունը ուշադրությունը շեղում է արտաքին քաղաքական մարտահրավերներից: Եվ դրանցից առաջինը ԵՄ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումն է:
«Շատ ճիշտ կլինի, որ գնան, նախաստորագրեն, որպեսզի հետո չասեն՝ «այ, ինչ-որ չկատարվեց Հայաստանում, Ռուսաստանն էր մեղավոր, որ մեզ թույլ չտվեց ստորագրել և անցնել էդ ճանապարհը: Որովհետև ես հստակ գիտեմ, որ ոչ մի հաշվարկված բան չկա: Եվ եթե հաշվարկված է, չպիտի վախենան էդ տեքստը տպագրել և քննարկել: Եվ բացի էդ մենք պետք է իմանանք՝ մեզ ինչ ճանապարհ է տանելու»,- ընդգծեց նա։
Արամ Սարգսյանը հիշեցրեց, որ ժամանակին ոչ պակաս ակտիվ քարոզչություն էր գնում, երբ Հայաստանը պետք է անդամակցեր Առևտրի համաշխարհային կազմակերպությանը:
«Մենք դառնում ենք դրախտ, մենք աշխարհի լավագույն երկրներից ենք, մենք զարգանալու ենք, էս ապաշնորհ իշխանությունների հետ ուր ուզում եք գնացեք, միևնույն է, ոչինչ չի ստացվելու»,- Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավարը։
Բանավեճը թեժացավ, երբ Ազատ Արշակյանը կարծիք հայտնեց, թե Ռուսաստանն ինքը նույնպես շատ կուզենար միանալ եվրոպական կառույցներին, դառնար իսկապես եվրոպական պետություն, վերադառնար իր ծագմանը, «բայց ռուսական իմպերիալիզմը, նրանց էդ հետգաղութային ձգտումները, կիսագաղութային էդ կարգավիճակից չեն ուզում հրաժարվել»:
Արամ Սարգսյանին հատկապես բարկացրեց Ազատ Արշակյանի այն նախադասությունը, որ երբ «եվրասիականները» (այդ ասելով Արշակյանը մատնացույց արեց Արամ Սարգսյանին) նախապես չարախնդում են, որ Հայաստանը կձախողի ու վերադառնա դեպի Սովետական Միություն, կկանգնի Նազարբաևի կողքին, ավելացրեց.«Ես չեմ ուզում՝ իմ նախագահը կանգնի Կադիրովի հետ ու սեղմի նրա ձեռքը»:
«Ես էլ չեմ ուզում, որ նախագահը սեղմի Օլանդի ձեռքը»,- հայտարարեց Արամ Սարգսյանը:
Ազատ Արշակյանն էլ ավելացրեց, որ այսպիսի «զգուշացումները» նման են այն տրամաբանությանը, որով հայերը իրենց աղջիկների անունները Օֆելյա կամ Դեզդեմոնա են դնում (նկատի ունի, որ շեքսպիրյան հերոսուհիները դժբախտ ճակատագիր են ունեցել). այսինքն՝ նման նախատրամադրվածությամբ ի՞նչ բախտ ունենան թե՛ այս անուններով աղջիկները, թե՛ Հայաստանը, որին հենց հիմա զգուշացնում են, որ կձախողեք:










