Մեղավոր են և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը. բանավեճ

14:20 • 26.08.13

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը և ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը քաղաքական և քաղաքացիական զարգացումները Հայաստանում թեմայի շուրջ այսօր հրավիրված բանավեճի ընթացքում հանգեցին եզրակացության, որ երկրում տիրող ներկայիս իրավիճակի համար մեղավոր է և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը:


Մանվել Բադեյանի խոսքով` չի կարելի միանշանակ սահմանել քաղաքացիական շարժումը և նրա պատճառները։


«Համենայնդեպս, կնշեմ գործոններ՝ ինչով է պայմանավորված ակտիվությունը: Մեկը խորը հիասթափված է ընդդիմադիր քաղաքական ուժերից, որոնք պետք է կարողանային ինչ-որ հատվածի խնդիրները ներկայացնել և շահերը պաշտպանել, բայց չեն կարողացել: Հասարակության ակտիվությունը նաև արգասիքն է հասունացման,– ասաց նա»:


Նրա խոսքով` իշխանությունը լիովին չի բավարարում որոշ շերտերի պահանջները կամ ոչ լիարժեք է նրանց հետ աշխատում:


«Խորքային պատճառները, գուցե, ավելին են, սա, իհարկե, մեր տնտեսության, սոցիալական արդարության ոլորտում տիրող բարքերն են: Թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը այս ամենին պետք է նորովի մոտենան»,- ասաց նա։


Անդրադառնալով սպասվելիք թեժ աշնան հարցին` նա ավելացրեց. «Եթե կարող եք թեժ աշուն անել, ուրեմն հայտարարեք ու արեք, եթե չենք կարող, ձեզ մի վարկաբեկեք»:


Ըստ Անուշ Սեդրակյանի` քաղաքացիական այս ակտիվության փուլն արդեն սերտորեն առնչվում է սոցիալական բունտին:


«Նրա մասին խոսելիս մենք իրավունք չունենք ընդդիմության անունը տալ, նրա ձեռքին չեն այն լծակները, որոնք հասցնում են ժողովրդին սոցիալական թշվառության»,– ասաց նա:


«Ընդդիմությանը գաղափարական ինչ-ինչ հարցերում, գուցե, կարելի է մեղադրել, բայց ոչ այս պարագայում, քաղաքացիական գաղափարի կրող՝ ակտիվիստի փոխարեն: Երբ սիրում եմ իմ հայրենիքը, սիրում եմ իմ պետությունը, սակայն դա դեռևս չի նշանակում, որ պիտի սիրեմ նաև իշխանություններին»,- ասաց նա` նշելով, որ պետությունը պարտավոր է պաշտպանել իր քաղաքացու շահերը:


Անդրադառնալով Կոմիտասի 5 հասցեում ընթացող շինարարության դեմ վերջին օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության դրսևորած պահվածքին՝ Անուշ Սեդրակյանը նշեց, որ իրեն հայտնի չէ, թե ոստիկանությունն ում է սպասարկում:


Հարց ուղղելով Մանվել Բադեյանին` Անուշ Սեդրակյանն ասաց.«Երբևէ Հայաստանում այսքան սոցիալական խնդիրներ եղե՞լ են, երբևէ ինքնասպանությունների թիվն այսքան շատ է եղել, ո՞վ է մեղավոր դրա համար»: