Կոմիտաս 5 հասցեում այսօր «սալորակռիվ է» եղել

15:21 • 26.08.13

Երեկվանից Կոմիտաս 5 հասցեում, ուր քաղաքացիական ակտիվիստներն ու բնակիչները պայքարում են ընդդեմ «Լիբեր» ՍՊԸ-ի շինարարության, համեմատաբար խաղաղ վիճակ է, բայց այսօր տեղի է ունեցել «սալորակռիվ», որի արդյունքում շինարարները դադարեցրել են աշխատանքը և հեռացել:


«Ոչ ոք չկա, առավոտվանից փորձել են աշխատել, մենք վերևից սալորներ ենք նետել, «սալորակռիվ ենք արել», խփել ենք սալորներով, որ հեռանան»: Փաստորեն, հիմա շինարարությունը դադարեցված է»,- Tert.am-ին ասաց Կոմիտաս 5 հասցեի բնակիչ Աննա Պողոսյանը:


Հիշեցնենք, որ Կոմիտաս 5 հասցեում, շինարարներից կողմից շինարարությունը ժամանակավորապես կասեցնելու պայմանավորվածությունը խախտելուց հետո շաբաթ օրը ոստիկանները քաղաքացիական ակտիվիստների՝ ճանապարհը փակելուց հետո նրանց նկատմամբ ուժ կիրառեցին: Շատերը ծեծվեցին, վարչական պատասխանատվության ենթարկվեցին, իսկ Արգիշտի Կիվիրյանը տեղափոխվեց հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:

 

Իսկ ակտիվիստ Անուշավան Պետրոսյանն էլ դրանից մի քանի օր առաջ կտրել էր ձեռքի երակները՝ այդ կերպ փորձելով իր բողոքն արտահայտել բնակիչների զայրույթը հաշվի չառնող իշխանությունների նկատմամբ: