Վերաքննիչ դատարանում այսօր շարունակվեց ՀԱԿ ակտիվիստների դատավարությունը
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվեց ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Արտակ Կարապետյանի և Դավիթ Քիրամիջյանի գործով դատավարությունը: Նախորդ նիստի ժամանակ փաստաբան Մուշեղ Շուշանյանը միջնորդել էր, որպես վկաներ դատարան հրավիրել Սահակ Մուրադյանին, Արեգ Գևորգյանին և Նշե Մադաթյանին: Դատարանը բավարարել էր փաստաբանի միջնորդությունը:
Դատակոչված վկաներից դատարանն առաջինը լսեց վկա Սահակ Մուրադյանին: Վերջինս պատմեց, որ 2011-ի օգոստոսի 9-ին, ժամը 21-ի սահմաններում ընկերների հետ զբոսնել են Կարապի լճի տարածքում: Աղմուկ են լսել, գոռոցներ, որոշել են մոտենալ և պարզել, թե ինչ է կատարվում: Սկզբում նկատել են ոստիկանների մեծ խումբ, ավելի մոտենալով՝ տեսել են, որ ծեծում են իրենց ընկերներին:
«Հենց մոտեցանք, լսեցինք, թե ինչպես կարմիր բերետավորներից մեկը բարձրաձայն ասաց. «Ըհը, լևոնականները շատացան», հետո, երբ ես ուզեցի ճշտել, թե ինչու են ծեծում ընկերներիս, իմ թևերն էլ ոլորեցին և նստեցրին ոստիկանական մեքենա»,- պատմեց վկան:
Ոստիկաններից մեկը վկայի այն հարցին, թե ուր են իրեն տանում և ինչի համար, պատասխանելու փոխարեն արմունկով հարվածել է աչքին: Հետո գլխին խփելով նույն մեքենան են նստեցրել ընկերներից Դավիթ Քիրամիջյանին: Վերջինս մարմնին վկան նկատել է թարմ վերք, որից արյուն է ծորացել: Դավիթն ասել է, որ կարմիր բերետավորը ոտքով հարվածել է: Սահակը վնասվածքներ նկատել է նաև Արեգ Գևորգյանի դեմքին:
Պատճառը, թե ինչու էին ծեծում ոստիկաններն իր 4 ընկերներին, Սահակ Մուրադյանը իմացել է միայն ոստիկանական բաժանմունքում, երբ մի պահ ինքը Տիգրանն ու Արտակը եղել են նույն սենյակում: Տղաները վկային պատմել են, որ զբոսնելու ժամանակ նկատել եմ, որ ոստիկանները մոտեցել են ինչ-որ քաղաքացիների և հրահանգել դատարկել գրպանների պարունակությունը:
Վստահ լինելով, որ ոստիկանների գործողություններն ապօրինի են, ամբաստանյալները մոտեցել են և առաջարկել ներկա լինել խուզարկությանը, որպես ընթերականները: Վեճը պարեկային ծառայության աշխատակիցների և ամբաստանյալների միջև սկսվել է հենց այն պահից, երբ ոստիկաններից մեկն ասել է. «Սրանք լևոնականներ են»:
Արդեն ոստիկանական բաժանմունքում տղաները պահանջել են, որ շտապօգնություն կանչեն, քանի որ բոլոր ծեծված տղաներն ունեցել են վնասվածքներ: Երբ մեկ ժամ անց բժիշկը զննել է նրանց՝ բոլորի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում: «Տիգրանն իրեն ահավոր վատ էր զգում, սիրտը խառնում էր: Նրան բարձրաստիճան մի ոստիկան՝ Արայիկ Պետրոսյանը, տարավ, որ լվացվի»,- պատմեց վկան:
Ամբաստանյալ Տիգրան Առաքելյանը խնդրեց վկային հիշել, թե ինքը ինչ վերնահագուստ էր կրում ոստիկանական բաժանմունքում: «Վերնաշապիկ էր հագիդ, որն ահավոր ճղճղված էր»,- պատասխանեց վկան: «Իսկ կհիշե՞ս, թե հետո այդ վերնաշապիկն ում ձեռքին հայտնվեց»,- վկային հարցրեց ամբաստանյալը: «Իհարկե հիշում եմ, Արայիկ Պետրոսյանի, հետո էլ քո վերնաշապիկը չգտնվեց ու դու բաժանմունքում առանց վերնազգեստի էիր մնացել»,- պատասխանեց վկան։ «Իսկ կհիշե՞ս, թե ամենից շատ ով էր փնտրում կորած վերնաշապիկը»,- հարցրեց Տիգրան Առաքելյանը վկային: «Իհարկե հիշում եմ,-պատասխանեց վկան,-Արայիկ Պետրոսյանը»:
Մեղադրող Հակոբ Մարտիրոսյանին հետաքրքրում էր, թե ինչ բնույթի հայհոյանքներ էին տալիս ոստիկանները: «Դուք ուզում եք, որ կրկնե՞մ,-հարցրեց վկան,-դրանք սեռական բնույթի հայհոյանքներ էին, որոնք ես այստեղ չեմ կարող կրկնել»: Մեղադրողի կողմից վկային ուղղված որոշ հարցերի կրկնվելու հետ կապված ամբաստանյալները մի քանի անգամ իրենց առարկությունները ներկայացրեցին՝ առաջարկելով դատավոր Եվա Դարբինյանին հանել կրկնվող հարցերը:
Նիստը նախագահող դատավորը հրաժարվեց բավարարել միջնորդությունը՝ նշելով, որ հարցերը ակնհայտորեն չեն կրկնվում: «Ես գիտեմ, որ դատարանի կազմը շատ փորձառու է, բայց զարմանում եմ, որ ուշադիր չէ: Իսկ թե ինչի ուշադիր չէ, չեմ հասկանում»,- նկատեց ամբաստանյալ Տիգրան Առաքելյանը ՝ առաջարկելով աշխատել այնպես, ինչպես ընդունված է դատարանում, ոչ թե սահադաշտում:










