Բակո Սահակյանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում են եղել պաշտպանության բանակի մարտական պատրաստականության ու մարտական հերթապահության վիճակին եւ ԼՂՀ հռչակման 22-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների նախապատրաստմանը վերաբերող հարցեր, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն։
Բակո Սահակյանն իր խոսքում նշել է, որ զինված ուժերի մարտական պատրաստականության բարձր մակարդակի ապահովումը եղել եւ մնում է պետության ու պաշտպանության բանակի հիմնական խնդիրը, ինչի արդյունավետ իրականացման ուղղությամբ նա կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարությանը եւ ԼՂՀ կառավարությանը:
Անդրադառնալով օրակարգի երկրորդ հարցին՝ Բակո Սահակյանը ԼՂՀ հռչակման 22-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների կազմակերպման եւ համակարգման կառավարական հանձնաժողովին հանձնարարել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ եւ ապահովել ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումների պատշաճ մակարդակով անցկացումը:










