Ինչո՞ւ մինչև հիմա մեղադրանք չի առաջադրվել Սուրիկ Խաչատրյանին. Էմիլ Բուդաղյանը բաց նամակ է գրել ՀՀ նախագահին

15:12 • 26.08.13

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի Գորիսի տան մոտ սպանված Ավետիք և հրազենով վիրավորված Արտակ Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանն այսօր կայացած ասուլիսին հայտնեց, որ Բուդաղյանների հայր Էմիլ Բուդաղյանը բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղ նա զարմանք է արտահայտում, թե ինչու մինչև հիմա մեղադրանք չի առաջադրվել Սուրիկ Խաչատրյանին:


«Մենք այդ նամակում փորձել ենք հերքել ինչ-որ ապատեղեկատվություն, ինչպես նաև դեպքի մասին ներկայացնում ենք տարածված որոշ տեղեկությունների մասին իրականությունը»,- ասաց պաշտպանը` նշելով, որ այս գործով դեպքից հինգ օր հետո սկսվեց ապատեղեկատվության մի խոշոր ալիք, որը գնում էր Սյունիքի մարզպետարանից, անհայտ անձանցից, ովքեր տեսանյութ էին տեղադրում համացանցում և Զինդատախազությունից. «Դրա համար մենք ՀՀ նախագահին փորձել ենք տեղեկացնել այնպիսի բաներ, որոնք մինչ այսօր հնարավոր է նաև իրեն ասած չլինեն»:


Հայկ Ալումյանի ներկայացմամբ` հիմա սկսվել է ապատեղեկատվության երկրորդ խոշոր ալիքը, սպանությունը թողած, Զինդատախազությունն ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել է երկրորդական բաների վրա. Արտակ Բուդաղյանի գործողությունները ներկայացնում են գլխիվայր շուռ տված, նա ներկայացվում է որպես ագրեսոր, ամեն ինչ արվում է, որ տուժածի կարգավիճակից տեղափոխվի պաշտպանվողի կարգավիճակի:


«Դա նրա համար է արվում, որ հետագայում ուզում են տուժող կողմին դնել այնպիսի իրավիճակում, որ իր պահանջները թողած ներկայանա պաշտպանվողի կարգավիճակում: Տեսնելով, որ Արտակ Բուդաղյանի դեմ ներկայացված մեղադրանքը որևէ կերպ չի ապացուցվում, փորձում են այլ մեղադրանքներ առաջ քաշել»,- ասաց պաշտպանը` հավելելով, որ ապատեղեկատվության հիմնական աղբյուրը քննչական մարմիններն են ու Զինդատախազությունը: