Հանցավոր բանդան ուղղորդվում է ոստիկանության կողմից, ասում է նստացույցի մասնակիցը

13:12 • 26.08.13

Երևանի քաղաքապետարանի դիմաց անժամկետ նստացույց հայտարարած երիտասարդներ Գոռ Առաքելյանը, Սուրեն Սահակյանը և Վահագն Մինասյանը այսօր՝ նստացույցի վայրում հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադառնալով իրենց աջակիցներին անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկելու փաստին, հայտարարեցին, թե այդ ամենից կարելի է ենթադրել, որ հանցավոր բանդան, ուղղորդվում է ոստիկանության կողմից, և ոստիկանությունը հստակ գիտի, թե ովքեր են նրանք:

Նրանցից Վահագն Մինասյանը հիշեցրեց, թե ինչպես է պատահել երեկվա միջադեպը և հայտնեց, որ երեկ նույնպես մի քանի ակտիվիստների ծեծի են ենթարկել Մաշտոցի պուրակում, մեկին էլ Ամիրյան փողոցում:


Ինչ վերաբերում է նստացույցի 30 օրերի ընթացքում իրենց բազմաթիվ անգամ ոստիկանություն բերման ենթարկելուն` Վահագն Մինասյանն ասաց.«Ոստիկանությունը և քաղաքապետարանը համագործակցության մեջ են գտնվում, դա ցույց տվեց հովանոցի և այլ հարցերի ժամանակ: Մեր անվտանգության հարցում ոստիկանությունն իր բոլոր գործողություններով կատարյալ անվստահություն է ներշնչում»:


Վահագն Մինասյանը նաև նշեց, որ վերջին անգամ բերման ենթարկելու հիմքը քաղաքապետարանի աստիճաններին տեսախցիկների դիմաց քնելն է եղել, սակայն ինքը մի քանի օր նույն տեղում քնել է և ոչ ոք ոչինչ չի ասել:


«Այդ օրը նրանք մի քանի անգամ ինձնից պահանջեցին, որ ազատեմ աստիճանահարթակը, բայց եթե երեք, չորս օր շարունակ ես խախտում եմ արել, ինչպե՞ս է եղել, որ ոստիկանությունը դրան արձագանքել է մի քանի օր հետո»,- ասաց նա` հավելելով, որ միգուցե կան սուբյեկտիվ կարգադրություններ:


Հիշեցնենք, որ ակտիվիստները պահանջում են տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականները։ Նշենք նաև, որ ըստ ԶԼՄ-ներով տարածված տեսանյութի՝ Հենրիկ Նավասարդյանը հայհոյել էր լրագրողին, իսկ Միսակ Համբարձումյանը, ըստ ակտիվիստների՝ խաղաղ ակցիաների ժամանակ բախումներ է հրահրել, չարաշահել է իր լիազորություններն ու քաղաքացիների ու լրագրողների նկատմամբ պետական պաշտոնյային ոչ հարիր և հանցավոր վարքագիծ է դրսևորել։