Հայաստանում քաղաքական վեկտորի ընտրության առումով թեժ աշուն է սպասվում. ՀՀ-ում ՌԴ դեսպանատան 1-ին քարտուղար
Հայաստանում Ռուսաստանի դաշնության դեսպանատան առաջին քարտուղար Ալեքսանդր Վասիլևը, ով այսօր մասնակցել է «Դեպի Եվրասիական միություն» խորագրով կլոր սեղանին, անդրադառնալով Հայաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման մտադրությանը, նշել է, որ ք քաղաքական վեկտորի ընտրության առումով թեժ աշուն է սպասվում:
«Կարծում եմ` ընտրությունը կկայացվի և կկայացվի ճիշտ»,- ասել է ռուսաստանցի դիվանագետը:
Այս մասին տեղեկացնում է 168 am-ը :
«Հասարակությունը բանավիճում է ինտեգրացիոն ուղղվածության առումով: Շատերը ԶԼՄ-ների միջոցով փորձում են ներկայացնել, թե երկու կառույցները` Եվրասիական մաքսային միությունն ու Եվրամիությունը, ոչ թե միմյանց հակասում են, այլ լրացնում: Բայց մենք իրականում տեսնում ենք միանգամայն այլ բան: Արևմտյան գործընկերները, որոնց հետ մենք էլ շփվում ենք, երբեմն թույլ են տալիս իրականությունը չարտահայտող երևույթներ: Եկեք չմոռանանք լեհ ներկայացուցիչների ելույթները, ովքեր ասացին, որ «և՛, և՛»-ի տարբերակը անհնար է և պետք է ընտրել, շարժվել «կա՛մ, կա՛մ»-ով»,- հայտարարել է ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը:
Նա նաև նշել է, որ մտահոգիչ է Ասոցացման համաձայնագրի բովանդակության գաղտնիությունը և ավելացրել. «Համաձայնագրի բովանդակությունը ընդհանրապես ոչ մեկը չի տեսել ու կասկածի տակ է առնվում այն հանգամանքը, թե այդ ինչ պայմաններ են ներառված, որ իրենք թաքցնում են հասարակությունից: Չինովնիկներ, դիվանագետներ կան, ովքեր այս առումով սկսում են ենթադրել, որ համաձայնագրի ստորագրման մեջ կոշտ պայմաններ կան, որոնք ավելի խիստ են դրված, քան նախորդ պետությունների առջև: Ակնհայտ է, որ կան սահմանափակումներ: Սա մեզ մտահոգում է, չնայած հայ հասարակությունը պնդում է, որ երկու կառույցները համատեղելի են, բայց կասկածներ կան հակառակի մասին»:










