Արգիշտի Կիվիրյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՔԾ

12:16 • 27.08.13

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Արաբկիրի բաժին 2013 թվականի օգոստոսի 24-ին քաղաքացի Արգիշտի Կիվիրյանին բերման ենթարկելիս արձանագրված դեպքի վերաբերյալ նյութերը, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն, տեղեկացնում է Գլխավոր դատախազության կայքը։

 

Ոստիկանության հաղորդագրությունում ասվում է հետևյալը.

 

«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քաղաքացի Ա.Կիվիրյանը ոստիկանության բաժնում նախապատրաստվող նյութերի ժամանակ հայտարարել է, որ բերման ենթարկելիս ոստիկանության աշխատակիցներն իրեն ոստիկանության մեքենայի մեջ հայհոյել են և բռնություն գործադրել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։


Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դեպքի կապակցությամբ զեկուցագիր է ներկայացրել, ապա բացատրություն տվել նաև ՀՀ ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի դասակի հրամանատար Վ.Վրթանեսյանը՝ նշելով, որ Երեւանի Կոմիտաս 5 հասցեի մոտ ծառայություն իրականացնելիս՝ նույն փողոցի երթևեկելի մասն ազատելու ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար ոստիկանության ավտոմեքենայով Ա.Կիվիրյանին ոստիկանության բաժին տանելու ժամանակ վերջինս հայհոյել և բռունցքով հարվածել է իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածք։


Դեպքի առթիվ ոստիկանության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով։


Նախաքննության ընթացքում Ա.Կիվիրյանի եւ Վ.Վրթանեսյանի մարմնական վնասվածքների աստիճանն որոշելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։


Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործություններով նախաքննությունը կատարում են ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչները՝ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ միջադեպի վերաբերյալ նյութերն ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն»:


 Լուսանկարը՝  azatutyun.am-ի