Ոստիկանների գործողությունները նպատակային են, որ չնախաստորագրվի ԵՄ Ասոցացման համաձայնագիրը. Արգիշտի Կիվիրյան

14:38 • 27.08.13

Ոստիկանական այս օպերացիաները, որ իրականացվում են քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդկանց, հասարակության դեմ, կարելի է ասել լավագույն նվերն են այն ուժերին, որոնք չեն ցանկանում, որ Հայաստանը նոյեմբերին նախաստորագրի Եվրոպայի հետ Ասոցացման համաձայնագիրը, համոզված է Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը:


«Նրանք տանում են երկիրը ռեպրեսիաների և քաղբանտարկյալների: Ես չեմ բացառում, որ այս պարագայում ոստիկանների գործողությունները արվում են հատուկ՝ նպատակային»,- Tert.am-ին իր տեսակետը փոխանցեց Արգիշտի Կիվիրյանը:


Հիշեցնենք, որ միայն այս ամսվա ընթացքում իր ակտիվ գործունեության արդյունքում Արգիշտի Կիվիրյանն երկու անգամ բերման է ենթարկվել ոստիկանական բաժանմունք: Առաջին անգամ նրան տարել էին Ոստիկանություն քաղաքապետարանի դիմաց ապօրինի վրան տեղադրելու մեղադրանքով, իսկ 2-րդ անգամ՝ օգոստոսի 24-ին, երբ Կոմիտաս 5ա-ի բնակիչները փորձել էին փակել Կոմիտասի պողոտան:


Օգոստոսի 24-ին ոստիկանների և Արգիշտի Կիվիրյանի միջև ծագած միջադեպի կապակցությամբ՝ ՊՊԾ գնդի դասակի հրամանատարի զեկուցագրի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, ըստ որի Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը մեղադրվել է իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնություն կատարելու մեջ:


Լրագրող և քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը պարզապես ապշած է օգոստոսի 24-ին իրեն Արաբկիրի ոստիկանություն ուղեկցած ոստիկանների երևակայության թռիչքից:


Զեկուցագիր ներկայացրած ոստիկանը նշել է, որ Արգիշտի Կիվիրյանը ավտոմեքենայի մեջ բռունցքով հարվածել, կծել ու հայհոյել է իրեն: Օգոստոսի 24-ին, Կոմիտասի 5ա հասցեից ոստիկանական բաժանմունք տեղափոխված բռնության ու ծեծի ենթարկված Արգիշտի Կիվիրյանն էլ իր հերթին է հաղորդում ներկայացրել, ըստ որի՝ Ոստիկանության ծառայողները հայհոյել, ծեծել են իրեն ու պատճառել մարմնական վնասվածքներ:


«Ոստիկանների իմ նկատմամբ իրականացրած գործողությունները համարում եմ սադրանք,-Tert.am-ին փոխանցեց Արգիշտի Կիվիրյանը,- վերջին շրջանում ինձ մշտապես հասել են տեղեկություններ այն մասին, որ ամեն կերպ փորձ է արվելու իրականացնել սադրանքներ, պրովոկացիաներ իմ նկատմամբ: Նպատակը մեկն է՝ խոչընդոտել իմ գործունեությունը»:


Armenia Today-ի համակարգող Արգիշտի Կիվիրյանի համոզմամբ՝ «Այն ինչ չհաջողվեց իրականացնել օգոստոսի 1-ին, բավական կոպիտ ու անգրագետ ձևով իրականացվեց օգոստոսի 24-ին»:


«Այն ժամանակ էլ, երբ ինձ պարզապես գողացան ու ապօրինաբար տեղափոխեցին Ոստիկանություն, վնասվածքներ ստացողը ես էի, բայց նույն ոստիկանները փորձում էին այնպես անել, որ ես հունից դուրս գամ ու իրենց պատասխանեմ: Բայց ես չենթարկվեցի սադրանքներին: Այդ միջադեպի հետ կապված ինձ դատաբժշկի ուղեգիր տվեցին, ես էլ Ոստիկանությունում հաղորդում տվեցի կատարվածի վերաբերյալ, բայց թե ինչ ընթացքի մեջ է գործը, ես տեղեկություն չունեմ»,- ասաց նա։


Արգիշտի Կիվիրյանի համոզմամբ, Ոստիկանության կողմից իրականացվող գործողություններն ու սադրանքները հայկական իրականության մեջ նորություն չեն : Մինչ լրագրողական գործունեություն սկսելը, Կիվիրյանը երկար տարիներ աշխատել է փաստաբան ու վստահ կարող է ասել, թե ինչպես են «սարքվում» նմանատիպ գործերը:


«Եկեք հիշենք թեկուզ «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Հայկ Գևորգյանի դեմ հարուցված գործը: Որ իբրև թե վերջինս մարդ էր գցել մեքենայի տակ: Սարքվեց ավտովթարի գործ, հայտնվեց տուժող, ինչ-որ Ֆրանգուլյան, ով հաղորդում էր տվել այդ մասին, փորձեց ինչ-որ մայմունություններ անել: Հետո, իհարկե, պարզվեց, որ այդ մարդը Ոստիկանության այսպես ասած «շրջիկ տուժողներից է» և բազմաթիվ գործերով անցնում է, որպես տուժող: Հայկ Գևորգյանը մի քանի օր կալանավորվեց, հետո լրագրողական ճնշման ներքո խափանման միջոցը փոխվեց, գործն էլ կարճվեց: Տուժողն էլ անհետացավ ու էդպես էլ չհասկացվեց, թե էդ մարդն ինչից էր բողոքում: Հիմա նմանատիպ բան ուզում են իմ հետ կապված սարքել»,- նկատեց Արգիշտի Կիվիրյանը;


Կիվիրյանին ոստիկանների նման պահվածքն ամենևին էլ տարօրինակ չի թվում: Նա հիշեց ևս մեկ գործ, որով ամբաստանյալի նստարանին են հայտնվել ՀԱԿ ակտիվիստները, իսկ տուժող են հանդես եկել ոստիկանները: «Դա էլ է մայմունություն, երբ տուժող ոստիկանը հայտնում է, թե միջադեպի պատճառով կորցրել է ականջը, հետո դատարանի դահլիճում հայտնվում է երկու ականջով: Պիտի ենթադրենք, որ այդ ոստիկանը երե՞ք ականջ է ունեցել ու մեկը կորցրել քաշքշուկի ժամանակ, թե՞ պիտի մտածենք, որ հերթական սարքած գործն է»,-հարցրեց Արգիշտի Կիվիրյանը:


Armenia Today-ի համակարգողը պատմեց, որ օգոստոսի 24-ին, երբ իրեն տեղափոխում էին Արաբկիրի ոստիկանության բաժանմունք, ոստիկանները մեքենայի մեջ հարվածել են իր գլխին, դեմքին, տվել սեռական բնույթի հայհոյանքներ: Ինքը՝ հասկանալով, որ դա սադրանք է, ընդամենը այդ բոլոր գործողություներին պատասխանել է՝ ասելով, որ այն ինչ ասում են իրեն, իր ծնողներին, իր ընտանիքին, կարող են հասցեագրել իրենց ծնողներին ու ընտանիքներին:


Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, Արգիշտի Կիվիրյանի և ոստիկանների միջև օգոստոսի 24-ի տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։