Բրազիլիայի արտգործնախարարը հրաժարական է տվել

10:40 • 27.08.13

Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Պատրիոտը երկուշաբթի հրաժարական է տվել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով El Comercio-ին:

 

Հրաժարականի պատճառը կոռուպցիայի համար մեղադրվող բոլիվիացի սենատոր Ռոջեր Պինտոյին Բրազիլիայի սահմանն անցնելու հարցում օգնություն տրամադրելն է եղել:

 

Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆն ընդունել է նախարարի հրաժարականը և նրան նշանակել ՄԱԿ-ում երկրի պատվիրակ: Ներկայիս դեսպան Լուիս Ալբերտո Ֆիգեյրեդոն կդառնա արտաքին գործերի նախարար:

 

Պատրիոտի հրաժարականը կօգնի խուսափել Բոլիվիայի հետ դիվանագիտական կոնֆլիկտից: Բոլիվիայի նախագահն արդեն իր դժգոհությունն էր հայտնել ընդդիմադիր սենատոր Պինտոյի՝ Բրազիլիա փախուստի առնչությամբ:

 

Պինտոն, որը մեղադրում է Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի կառավարությանը թմրանյութերի վաճառքով զբաղվող անձանց հետ կապեր ունենակու համար, խուսափում էր ձերբակալությունից՝ գտնվելով Լա-Պասում Բրազիլիայի դեսպանատանը:  Անցած շաբաթվա վերջին նա կարողացել է հատել սահմանը դեսպանատան մեքենայով: