Մոսկվայի Ալտայի փողոցի ռեստորանում «սխոդկա» չի եղել. քրեագետ Սերգեյ Գալոյան

17:14 • 27.08.13

Օգոստոսի 23-ին Մոսկվայի Ալտայի փողոցում գտնվող ռեստորանում ոստիկանության կողմից իրականացրած շուրջկալի արդյունքում ձերբակալված մարդիկ կապ չունեն կրիմինալ աշխարհի հետ։ Tert.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց քրեագետ Սերգեյ Գալոյանը:


Տեղեկացնենք, որ Lenta.ru կայքի հրապարակած տվյալների համաձայն, ձերբակալվել է 54 մարդ՝ Հյուսիսային Կովկասից, ինչպես նաև Ադրբեջանից, Տաջիկստանից, Վրաստանից, Թուրքիայից, Իրանից և Հայաստանից: Այդ մասին հաղորդումը տեղադրված է եղել նաև ՌԴ ներքին գործերի նախարարության մայրաքաղաքային գլխավոր վարչության կայքում:


«Կարծում եմ, որ ոստիկանությունը սխալ տեղեկություն է ստացել, այսինքն՝ նրանց ուղղորդել են, բայց ինֆորմացիան ճիշտ չի եղել, այսպես ասած, գողական «սխոդկա» չի եղել: Եթե խնջույքի մասնակիցները գողական աշխարհի ներկայացուցիչներ լինեին, ապա ոստիկանությունը ձերբակալությունից հետո անպայման անուններ կհրապարակեր»,- նկատեց Սերգեյ Գալոյանը։


Ըստ Lenta.ru կայքի, ռեստորանում և դրա մոտ կայանված մեքենաներում հայտնաբերվել են փամփուշտներով լիցքավորված որսորդական երկու հրացան և ատրճանակ: Բոլոր ձերբակալվածներից մատնահետքեր են վերցվել: Թե քանի կովկասցի է այժմ գտնվում կալանքի տակ, չի ճշտվում: Չի հաղորդվում նաև հատուկ գործողությունների իրականացման պատճառների մասին:


Քրեագետ Սերգեյ Գալոյանի կարծիքով 54 մարդու ձերբակալության վերաբերյալ այլ մանրամասներ չհրապարակելու միակ պատճառը ոստիկանության կողմից իրականացրած սխալ գործողություններն են: «Բոլորին էլ, եթե վաղը, մյուս օրը բաց չեն թողել, ուրեմն բաց կթողնեն, էդքան բան»,- նկատեց Սերգեյ Գալոյանը: