ԵՊՀ-ում բացվեց իսլամագիտության կենտրոն

13:11 • 27.08.13

Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում այսօր բացվեց իսլամագիտության կենտրոն, որի բացման արարողությանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Իրանից ժամանած պատվիրակությունը՝ Իրանում գործող Հումանիտար գիտությունների և մշակույթի ինստիտուտի ղեկավար Համիդռեզա Այաթոլլահիի գլխավորությամբ:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, կարևորելով իսլամագիտության կենտրոնի առկայությունը Հայաստանում նշեց, որ այն պետք է զբաղվի իսլամական փիլիսոփայության, գրականության, բարոյագիտության, էթիկայի, գեղագիտության ուսումնասիրությամբ, ինչպես թարգմանական աշխատանքով զբաղվի՝ իսլամական գրականությունը հայերեն թարգմանելով:


«Թեև կենտրոնը բացվում է Արևելագիտության ֆակուլտետում, բայց այն համահավասար համագործակցելու է մի շարք ֆակուլտետների հետ՝ մասնավորապես, Միջազգային հարաբերությունների, Աստվածաբանության և այլն: Մեր գործընկերները, մասնավորապես, հետաքրքրվում են աստվածաբանությամբ, հայ-իրանական պատմությամբ և արևելագիտությամբ»,-ասաց նա։


Արամ Մանուկյանը միաժամանակ տեղեկացրեց, որ այն ինստիտուտում, որը ներկայացնում է իրանական պատվիրակությունը արդեն բացվել է հայագիտության կենտրոն և պարսկերենով են թարգմանվել մի շարք հայագիտական գրքեր:


Իրանական Հումանիտար գիտությունների և մշակույթի ինստիտուտի ղեկավար Համիդռեզա Այաթոլլահին իր հերթին նշեց, որ իրենք շատ ուրախ են, որ Թեհրանում արդեն գործում է հայագիտության կենտրոն, և իրենք էլ այսօր Հայաստանում հիմնում են Իսլամագիտության կենտրոն:


«Քանի որ Իրանի ու Հայաստանի միջև գոյություն ունեն պատմական կապեր, հույս ունենք, որ այս երկու կենտրոնները կարող են նպաստել երկու երկրների կապերի ամրապնդմանը: Մենք ցանկանում ենք, որ այն ոլորտներում, որ նպատակ ունենք համագործակցել, կարողանանք շատ լավ ու արդյունավետ աշխատանք ունենալ»,– ասաց նա:


«Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ փոխանակվել դասախոսներով ու ուսանողներով: Ցանկալի կլինի, որ հայ ուսանողները լինեն Իրանում ու ծանոթանան իսլամական փիլիսոփայությանը, իրանական մտավորականներին»,- նշեց նա և ավելացրեց, որ իրենք իրենց գիտական փորձը սիրով կփոխանցեն իրենց հայ գործընկերներին: