Մենինգը հայտարարել է, որ պատրաստ է անձամբ վճարել կրծքի մեծացման հորմոնալ թերապիայի համար

12:19 • 27.08.13

WikiLeaks կայքին տեղեկություններ փոխանցած և 35 տարվա ազատազրկման դատապարտված Բրեդլի Մենինգը պատրաստ է իր ֆինանսական միջոցներով վճարել կրծքի մեծացման հորմոնալ թերապիայի համար, գրում է Взгляд-ը: Այս մասին հայտարարել է Մենինգի փաստաբան Դևիդ Կումբսը:

 

Կումբսի խոսքով, քանի որ բանտային հաստատությունը չի պատրաստվում ֆինանսավորել հորմոնալ բուժում անցնելու Մենինգի ցանկությունը՝ հարկատուների բողոքի պատճառով, դա կանի ինքը՝ Մենինգը:

 

Ներկայում նա չի պատրաստվում սեռափոխության վիրահատության դիմել, քանի դեռ մնում է տղամարդկանց բանտում, նշել է փաստաբանը:

 

Օգոստոսի 21-ին դատարանը Բրեդլի Մենինգին մեղավոր էր ճանաչել լրտեսության և համակարգչային խարդախության համար և նրան դատապարտել 35 տարվա ազատազրկման: Այնուհետ նրան տեղափոխել են Կանզաս նահանգի ռազմակայանի բանտ, սակայն նրա այդտեղ մնալը բարդություններ է առաջացրել, երբ Մենինգը հայտնել է, որ ուզում է ապրել կնոջ պես և խնդրել իրեն Չելսի անվանել:

 

Ֆորտ-Լիվենուորտ բանտում պահվում են բացառապես տղամարդիկ: Բանտում նրան թույլ չեն տա կեղծամ կամ կրծկալ կրել, իսկ նրա մազերը պետք է կարճ կտրված լինեն՝ կանոնադրության համաձայն: