«Նիկոլ Աղբալյան» միությունը կոչ է անում միանալ սեպտեմբերի 2-ին կայանալիք ուսման վարձավճարների դեմ բողոքի երթին
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը բազմիցս բարձրաձայնել է բուհերում առկա խնդիրների, երիտասարդության բազմաթիվ և բազմաբնույթ հիմնախնդիրների արդյունավետ լուծմանը միտված հեռանկարային քաղաքականության և դրանից բխող համալիր ծրագրի բացակայության մասին, որի հետևանքներից մեկն է ԲՈՒՀ-երում ուսման վարձավճարների բարձրացման որոշումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության տարածած հաղորդագրությունից։
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը` որպես հայ ուսանողների շահերի պաշտպան, չի կարող համակերպվել այդ որոշման հետ: Մենք նախաձեռնում ենք բողոքի երթ` Հայաստանի գործադիր իշխանության ուշադրությունը վերոնշյալ խնդիրների վրա հրավիրելով և պահանջելով չեղյալ հայտարարել ուսման վարձավճարների բարձրացման որոշումը:
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կոչ է անում միասին ոտքի ելնել մեր իրավունքների պաշտպանության համար և վճռական բողոքի ձայն բարձրացնել այս և յուրաքանչյուր այլ անարդար որոշման դեմ:
Երթը մեկնարկելու է սեպտեմբերի 2-ին, ժամը 12.00-ին, ՀՊՃՀ կենտրոնական մասնաշենքի դիմահայաց տարածքից` հետևյալ երթուղով`
ՀՊՃՀ-Ուսանողական այգի-Աբովյան փողոց-Կորյունի փողոց-Նալբանդյան փողոց-Ալեք Մանուկյան փողոց-Վարդանանց փողոց -Խանջյան փողոց-Տիգրան Մեծի պողոտա- Հանրապետության հրապարակ- կառավարության շենք:










