Բողոքի ակցիա. ոստիկանն իրականում չի համբուրում աղջկան. Վալերի Օսիպյան (թարմացված, տարբերակ 3, տեսանյութեր)
Ոստիկանների բռնի գործողությունների դեմ այսօր ՀՀ ոստիկանության դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել ՀՀ մի խումբ քաղաքացիներ: Վերջին օրերին քաղաքացիական անհնազանդության դրսևորած քաղաքացիների հանդեպ ոստիկանների պահվածքը նրանք համարում են անթույլատրելի:
«Ոստիկան դրուգ չելավեկա», «Ոստիկա՛ն, դավայծե ժիծ դրուժնա», «Դուք որ չգայիք, ես ձերբակալվողը չէի՜», «Սվոյ չենք, բայց ՀՀ քաղաքացի ենք» և նմանատիպ այլ բովանդակությամբ պաստառներով քաղաքացիներն իրենց բողոքն են արտահայտում՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել այն ոստիկաններին, որոնք բռնություն են կիրառել ակտիվիստների նկատմամբ:
Ակցիային մասնակցում են Անդրիաս Ղուկասյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը, ինչպես նաև Կոմիտաս 5 հասցեի բնակիչներն ու այլք:
Ոստիկանության շենքի դիմացից ցուցարարները երթով կշարժվեն դեպի ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ գլխավոր դատախազին կհանձնեն իրենց պահանջ-նամակը:
Այս պահին ոստիկանության շենքի դիմաց նրանք վանկարկում են՝ «հե-ռա-ցեք, հե-ռա-ցեք»:
Հիշեցնենք, որ այսօր Երևանի Կոմիտասի պողոտայում քաղաքացիական անհնազանդության ակցիաներին մասնակից Շողիկ Մելքոնյանը կայացած ասուլիսին ներկայացրել էր, թե ինչպես էր ոստիկանը հետապնդում իրեն: «Այդ ոստիկանն այդ օրն ինձ անընդհատ հետապնդում էր: Ես ինձ լավ չէի զգում, ու նա, օգտվելով դրանից՝ իմ շփոթվածությունից, հոգատար ոստիկանի դեր էր կատարում, փորձում էր հեռացնել փողոցից: Ես նույնիսկ չեմ էլ զգացել, լուսանկարում եմ տեսել, թե ինչպես է նա հետևի կողմից, կոկորդիս ձեռքը դրած, խեղդելու պես չափից դուրս մոտենում ինձ, շրթունքները հպում պարանոցիս»։
Իսկ ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը ակտիվիստների պայքարի ընթացքում վերջին օրերին ոստիկանների պահվածքը որակել էր այլասերվածություն:
14.23
«Վով-ա ա–մոթ ա». բողոքի երթի մասնակիցները հասել են Գլխավոր դատախազություն
Երթը հասել է Գլխավոր դատախազության շենքի դիմաց՝ «Վով-ա ա–մոթ ա», «Այ քեզ ոստիկանություն, այ քեզ խայտառակություն», «Այ քեզ ոստիկանություն, այ քեզ սեռականություն» վանկարկումներով:
Ոստիկանները շղթայի միջով շրջափակել են շենքը, և թույլ չեն տալիս ցուցարարներին անցնել մայթը:
14։50
Տեսանյութն այլ կերպ են մեկնաբանել, ոստիկանն իրականում չի համբուրում աղջկան. Վալերի Օսիպյան
Երևանի քաղաքի ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այն կարծիքին է, որ ոստիկանն իրականում չի փորձել համբուրել քաղակտիվիստ Շողիկ Մելքոնյանին, ինչի մասին այսօր լրատվամիջոցներին հայտնել էր վերջինս:
«Լուսանկարը և տեսանյութն այլ կերպ են մեկնաբանվել, ոստիկանն իրականում չի փորձել համբուրել աղջկան, և տվյալ ոստիկանը պատճառաբանել է, թե իր ուսադիրն էր ուղղում»,- այսօր ոստիկանության դեմ երթին պատասխանելով լրագրողների հարցին՝ ասաց Վալերին Օսիպյանը:
Հիշեցնենք, որ Շողիկ Մելքոնյանն այսօր ասել էր. «Երբ Վալերի Օսիպյանը հրամայեց ինձ էլ բերման ենթարկել, մի խումբ կարմիր բերետավորներ հարձակվեցին ինձ վրա և բռնի ուժով մոտեցրին ոստիկանական մեքենային, այդ պահին մոտեցավ Արայիկ Պետրոսյանը, բռնեց ձեռքս և սեռական բնույթի հայհոյանք տվեց, իսկ ես բարձրաձայն հանրության առջև կրկնեցի նրա ասածը, որ բոլորն իմանան»:
Ակտիվիստը կոչ է անում այն կանանց, որոնք ենթարկվում են նման պահվածքի, չամաչեն և հայտարարեն բարձրաձայնեն. «Չպետք է ամաչենք կրկնել նրա ասածները: Մեր անվտանգությունը նրան մերկացնելու մեջ է»:
Նշենք, որ Ոստիկանության դեմ ցույց անող ակտիվիստներն այսօր նաև վանկարկում էին՝ «Ոստիկանությու՛ն, այ քեզ խայտառակություն», «Ոստիկանությու՛ն, այ քեզ սեռականություն»:










