Մեր անվտանգությունը պահելու իմաստով հիմնական հույսը պետք է դնենք մեզ վրա. քաղաքագետ

16:54 • 28.08.13

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանը կարծում է, որ երկրի անվտանգությունը պահելու իմաստով հիմնական հույսը պետք է դնել սեփական ուժերի վրա: «Ցանկացած տեսակի սպառազինություն, բնականաբար սպառնում է թե՛ մեր անվտանգությանը, թե ՛ընդհանրապես տարածաշրջանային անվտանգությանը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա՝ նկատի ունենալով այն, որ Ադրբեջանի կառավարությունը մտադիր է Հարավային Կորեայից 3 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ ժամանակակից սպառազինություն գնել:

Քաղաքագետի խոսքով՝ մեկ անգամ չի խոսվել, որ ԵԱՀԿ-ի կողմից սահմանված քվոտաները խախտված են հարյուրապատիկներով, և անգամ հրապարակված ինֆորմացիան, որ զինատեսակների այդպիսի գնումներ է կատարվում, առաջինը չէ: «Քանի երկրից քանի տիպի զինատեսակներ են ձեռք բերվել, այս ամենը նորից մեկ անգամ ևս գալիս է ապացուցելու, որ մենք մեր անվտանգությունը պահելու իմաստով հիմնական հույսը պետք է դնենք մեզ վրա, որպեսզի կարողանանք այդ բալանսը պահել, թույլ չտալ, որ հավասարակշռված իրավիճակը տարածաշրջանում ուժերի հակասություն առաջացնի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ դա շատ դժվար է, և փորձը ցույց է տալիս, որ միջազգային հանրությունն այդ ամենին չի արձագանքում:


Թեմայի շուրջ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ, իհարկե, Ադրբեջանը դրանով շարունակում է սպառազինման մրցավազքի քաղաքականությունը: «Դա, իհարկե, մտահոգիչ է ամբողջ տարածաշրջանի համար, բայց ինքն ունի իր պլանները, մենք՝ մեր պլանները, և մենք հետևում ենք մեր սպառազինման ապահովման գործընթացին»,- ասաց նա: