Կապանում քննարկվել է օդանավակայանի վերագործարկման ծրագիրը
Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ծանոթացել է մարզկենտրոն Կապանում իրականացվող ծրագրերին և ընթացիկ խնդիրներին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման նախարարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։
Առավոտյան փոխվարչապետը մարզպետ Վահե Հակոբյանի և Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել քաղաքում: Նա այցելել է Կապանի թիվ 2 ավագ դպրոցի շինհրապարակ: Շենքի կառուցման համար պետբյուջեից նախատեսվել է 720 մլն դրամ: Ներկայումս արդեն կատարվել են մոտ 450 մլն դրամի շինարարական աշխատանքներ: Ըստ պատասխանատուների` նախատեսված ֆինանսական միջոցների հատկացման պարագայում դպրոցի կառուցումն ավարտին կհասցվի մեկ տարվա ընթացքում, և 2014թ. սեպտեմբերի 1-ին կրթօջախը պատրաստ կլինի շահագործման:
Փոխվարչապետն այցելել է նաև «Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինությանը» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրով նախատեսված բնակելի համալիրի կառուցման վայր: Զեկուցվել է, որ ծրագրի իրականացման առումով որոշակի խնդիրներ են առաջացել: Ա. Գևորգյանը խոստացել է հարցը իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ քննարկել կառավարությունում` առաջացած խնդիրներին լուծումներ գտնելու համար:
Քաղաքապետը փոխվարչապետին տեղեկություններ է ներկայացրել նաև քաղաքի կենտրոնի բարեկարգման ծրագրերի մասին:
Մինչ Կապան այցելելը Ա. Գևորգյանը ծանոթացել էր նաև Մեղրի և Քաջարան քաղաքների միջև` միջպետական ճանապարհի վրա վերակառուցվող կամուրջի շինարարական աշխատանքներին: Այդ նպատակով պետբյուջեից հատկացվել է 52 մլն դրամ: Կամրջի կառուցման աշխատանքները կավարտվեն առաջիկա օրերին:
Մարզպետարանում անցկացված խորհրդակցությանը, որին մասնակցել են Կապանի, Սիսիանի, Գորիսի, Ագարակի քաղաքապետները, մարզպետարանի պատասխանատուներ, քննարկվել է համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքը, ներկայացվել են հրատապ լուծում պահանջող խնդիրներ:
Մարզպետարանի պատասխանատուները տեղեկություններ են ներկայացրել քաղաքաշինական, գյուղատնտեսական աշխատանքների, համայնքների սեփական եկամուտների կառավարման վերաբերյալ:
ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ առանձին քննարկվել է նաև Կապանում օդանավակայանի վերագործարկման հարցը: Ոլորտի պատասխանատուները ներկայացրել են վերագործարկման ծրագիրը:
Օդանավակայանի շահագործումը փոխվարչապետը կարևոր է համարել մարզի բնակչության համար`նշելով, որ ծրագրի իրականացման համար առկա է նաև ՀՀ նախագահի հանձնարարականը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մարզպետը նաև տարածաշրջանի գործարարների հետ կքննարկի ծրագիրը, և վերջնական ֆինանսական հաշվարկներն ու առաջարկությունները սեպտեմբերին կներկայացվեն կառավարություն:










